Մեքենան հեռահար լույսերով վարելու պատճառով․ 27-ամյա երիտասարդը դանակահարել է 49-ամյա տղամարդուն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։    

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կույր վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս» ձևով մարմնական վնասվածքներ։ 

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի հետ վիճաբանած և նրան առերևույթ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով 27-ամյա երիտասարդ է։ Հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել է։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս 2024թ․ հուլիսի 12-ին ժամը 01։20-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհով և, հասնելով Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ, նկատել ու հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող՝ Աշտարակի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Ապա իջնելով՝ մոտեցել է վերջինիս և հեռահար լույսերով մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ:

Վիճաբանության ժամանակ, ցուցաբերելով հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել 49-ամյա անձի հասցեին, որին զուգահեռ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին:

Դրանից հետո, 27-ամյա երտասարդը նստել է իր ավտոմեքենան և մոտ 500 մետր հեռանալուց հետո, կրկին խուլիգանական դրդումներով, հորիզոնական դիրքով փակել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհը, կրկին հարկադրաբար կանգնեցրել Աշտարակի բնակչի ավտոմեքենան։ Իր ավտոմեքենայից իջնելով և մոտենալով վերջինիս՝ երիտասարդը ձեռքում եղած դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 49-ամյա անձի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքը։ Սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վնասվածքն ստանալուց անմիջապես հետո տուժողը մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած ավտոմեքենան և, բարձր արագությամբ վարելով, հեռացել դեպքի վայրից։ 

27-ամյա երիտասրադն իր վարած ավտոմեքենայով մինչև Աշտարակ քաղաք հետապնդել է նրան, սակայն չի կարողացել կանգնեցնել: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (սպանության փորձը՝ կատարված խուլիգանական դրդումներով) ներկայացվել է մեղադրանք։ 

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը