Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունն անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունն անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։

«Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողները «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանոթանալու վարժանքներ: 

Այս զորավարժությունները ցույց են տալիս բարձր ինտենսիվության պայմաններում համագործակցելու և համատեղ աշխատանքի ունակությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքման օպերատիվությունն ու օպերատիվ գործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։

Զորավարժությունն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում, հուլիսի 15-24-ը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում