Աշխարհ

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները F-35C Lightning II բազմանպատակ տախտակամածային կործանիչներ է տեղափոխում Ճապոնիա՝ տարածաշրջանում Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ուժերին դիմակայելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Nikkei Asia հրատարակությունը։

Հրապարակման մեջ ասվում է, որ տարածաշրջանում F-35C ինքնաթիռների տեղակայումն ամերիկյան նավատորմի համար կապահովի մարտավարական առավելություն ՉԺԱԲ-ի նորագույն կործանիչների նկատմամբ, ինչպես նաև կնվազեցնի չինական հականավային հրթիռների կողմից սպառնալիքը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հիպոթետիկ բախման դեպքում։ 

Հուլիսի 15-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են F-35C Lightning II կործանիչներ և CMV-22B Osprey կոնվերտոպլաններ Ճապոնիայի Իվակունի ռազմակայան տեղափոխելու մասին։ Ինքնաթիռները կմտնեն «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակրի  ավիախմբի կազմի մեջ, որը Ճապոնիա կժամանի մինչև ընթացիկ  տարվա վերջը, որպեսզի փոխարինի այնտեղ մշտապես ​​տեղակայված մեկ այլ ամերիկյան ավիակրի՝ «Ռոնալդ Ռեյգանին»: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը Nikkei Asia-ին հայտնել է, որ F-35C-երի էսկադրիլիաներ են տեղակայված նաև «Կառլ Վինսոն» և  «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների վրա, որոնց պատասխանատվության գոտու մեջ է մտնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

F-35-երը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչներ են։ Դրանք ներկայացված են երեք հիմնական մոդիֆիկացիաներով՝ F-35A (ստանդարտ թռիչք և վայրէջք), F-35B (ուղղահայաց թռիչք և վայրէջք) և F-35C (արձակում ավիակիրների տախտակամածից)։ 

Այս տարի ԱՄՆ-ից F-35-երի գնման գործարքներ են կնքել Իսրայելը և Լեհաստանը, շուտով դրանք նախատեսում է ձեռք բերել Հունաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում