Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/16/FXetC55QHAeVu6c7WJvH2akl9nW89klFfyVqrQdo.webp)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի բանակի ութ զինծառայող է զոհվել երկրի հյուսիս-արևմուտքում ռազմակայանի վրա իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը։
Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանին սահմանակից Խայբեր Պախտունխվայի նահանգի Բաննուի շրջանում, hուլիսի 15-ին: Մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով մխրճվել է ռազմակայանի պարսպի մեջ, որի փլուզումից հետո մյուս զինյալները ներխուժել են ռազմակայան։ Հարձակմանը մասնակցել է 10 զինյալ, որոնք բոլորը սպանվել են անվտանգության ուժերի կողմից։
Ավտոմեքենայի ուժգին պայթյունից մոտակա բնակելի տները ցնցվել են։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Հաֆիզ Գուլ Բահադուր» խմբավորումը, որն, ըստ Պակիստանի զինվորականների, գործում է հարևան Աֆղանստանում «Պակիստանի ներսում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»։