Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ
2 րոպեի ընթերցում
![Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/fUPhNljr457lxVzku7wpqZ0TcpNQEIbAnlFDEcjI.webp)
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է երկրի պաշտպանության բանակին պատրաստ լինել ցանկացած սցենարի՝ կապված պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից Գազայի հատվածի գործարքի խախտման հետ։
«Իսրայելցի պատանդների ազատ արձակումը դադարեցնելու «ՀԱՄԱՍ»-ի հայտարարությունը հրադադարի և պատանդների գործարքի լիակատար խախտում է: Ես հրամայել եմ Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Գազայում ցանկացած հնարավոր սցենարի և պաշտպանել բնակավայրերը: Մենք թույլ չենք տա, որ հոկտեմբերի 7-ի դեպքերը կրկնվեն»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նշել է Կացը։
Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը, որը նախատեսված էր փետրվարի 15-ին։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների կրկնակի խախտումներ, ինչից ելնելով՝ որոշել ենք հետաձգել պատանդների ազատ արձակումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին։ Իսրայելը պետք է հավատարիմ մնա համաձայնագրի դրույթներին և հետադարձ ուժով փոխհատուցի վերջին շաբաթներին իր հասցրած վնասը»,- գրել էր նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։