Մերձավոր Արևելք

Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի, սակարկման կամ փոխանակման ենթակա չեն․ Պաղեստինի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի, սակարկման կամ փոխանակման ենթակա չեն․ Պաղեստինի ԱԳՆ

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի, սակարկման կամ փոխանակման ենթակա չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ «ցանկացած նման գաղափար նպատակ ունի երկարացնել հակամարտությունը» և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իսրայելում «պահել իշխանության ղեկին Պաղեստինի ժողովրդի ու նրա տառապանքների հաշվին»: 

Իր հայտարարության մեջ Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը «դիմակայել այս ռասիստական ​​գաղութային քաղաքականությանը և չբավարարվել մերժման ու նախազգուշացման հայտարարություններով, ինչպես նաև աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակտիվացման ուղղությամբ, որպեսզի այն կարողանա կատարել Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի բանաձևերի իրագործման և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում իր պարտականությունները»:

Հայտարարության մեջ Պաղեստինի ԱԳՆ-ն նշել է, որ «Իսրայելի կառավարությունը և վարչապետ Նեթանյահուն փորձում են կոծկել Պաղեստինի ժողովրդի դեմ իրենց գործած ցեղասպանության, տեղահանման և բռնակցման հանցագործությունները»՝ հավելելով, որ Իսրայելի կառավարությունը որդեգրել է տեղահանելու գաղափարը և ձգտում է այն իրականացնել օկուպացիայի ուժով՝ անտեսելով տարածաշրջանի և աշխարհի երկրների անվտանգությունն ու կայունությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Գազայի հատվածը, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և այնուհետև վերականգնել այն արաբական երկրների օգնությամբ: Ինչ վերաբերում է պաղեստինցիների՝ անկլավում ապրելու հեռանկարին, Թրամփը համարում է, որ դա անհնար է։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում