Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

5 րոպեի ընթերցում

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

 ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմ է հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ 

Հարցին՝ «Հայաստանին ներկայացվող Բաքվի պահանջներից մեկն էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս հարցում», դեսպանը պատասխանել է. «Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ մենք կողմնակից ենք, դեմ չենք սահմանային ապաշրջափակմանը։ Դուք հարևան եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, միշտ չեք կարող թշնամության մեջ լինել, և մի օր կլուծեք այդ հարցերը նրանց հետ։ Եվ բնական է, որ երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները կբացվեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մենք հիմա Նախիջևանի հետ սահման ունենք, և Ջուլֆայից կարող ենք և՛ երկաթգծով միանալ Երևանին, և՛ ճանապարհով Շատախտիից՝ Երասխին։ Երթուղին շատ կկարճանա։ Այսինքն՝ Մեղրիից Երևան մոտավորապես 6 ժամվա ճանապարհ է, իսկ Շատախտից մինչև Երասխ ու Երևան երևի մեկ ժամից էլ քիչ կլինի։ Այսինքն՝ եթե բացվի ճանապարհը, բոլորը կօգտվեն։ Սա ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հյուսիս-հարավին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պետք է ներառի իր մեջ՝ երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում։ Ոչ ոք թույլ չի տալիս, որ իր տարածքում իր օրենքները չպահահպանվեն, դա միջազգային իրավունքի դեմ է, և չպետք է այստեղ որևէ դիվիդենտ ստեղծվի։ Եվ օգուտն էլ պետք է վերաբերի բոլորին։

«Ազատության» թղթակցի դիտարկմամբ՝ Հայաստանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկը»։ Բայց Ռուսաստանը պնդում է, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Նախիջևան-Սյունիք հատվածը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եվ այժմ արդեն կան տեղեկություններ, որ այդ գործառույթը կարող է վստահվել որևէ եվրոպական կամ միջազգային կազմակերպության։ «Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի»,- հարցին ի պատասխան Մեհդի Սոբհանին վերահաստատել է. «Միայն կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանության ներքո։ Այն համաձայնագիրը, ինչի մասին Դուք նշեցիք, դրանում առկա պայմանավորվածությունների մի մասն այլևս գոյություն չունի։ Դուք միայն այդ պայմանավորվածությունների մի մասն եք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաև ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մեջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի և Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց հղում անել։ Հիմա իրականում չկա գործնական առումով գոյություն ունեցող փաստաթուղթ։

Նա համաձայնել է թղթակցի դիտարկմանն առ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի գործում. «Այո՛, դա չի գործում։ Եվ այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն գոյություն չունի։ Եվ մնացածն էլ, բնականաբար, գոյություն չունեն»։

Թղթակցի՝ «Կարո՞ղ ենք ասել, որ Իրանը կողմ է, որ ապագայում, Բաքուն Սյունիքով  դուրս գա Նախիջևան։ Մենք գիտենք, որ Բաքուն այդ կապը հիմա ապահովում է Իրանի միջոցով։ Դուք, այսինքն, որևէ խնդիր ձեր շահերի հետ կապված չեք տեսնո՞ւմ այս հարցում։ Հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ սա Իրանի համար կարմիր գիծ է» դիտարկմանն անդրադառնալով դիվանագետը պարզաբանել է. «Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի։ Այսինքն՝ այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ։ Սա է մեր կարմիր գիծը։ Մնացած ապաշրջափումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգեն Հայաստանի օրենքները։ Դուք շատ եք անդրադառնում այդ հարցին, նրանք մի բան ասում են, դուք այնքան եք անդրադառնում այդ հարցին, որ ուռճացնում եք։ Նրանք զբաղեցրել են ձեզ մի նախադասությամբ։ Նայեք, եթե մի երկիր ուրիշ երկրից դիվիդենտ է ուզում, արդյո՞ք պատրաստ է ինքն էլ դիվիդենտ տալ այդ երկրին։ Երկրները միմյանց հետ խոսում են, որ դյուրացնեն իրենց հարաբերությունները, բայց չեն թողնի, որ իրենց ազգային ինքնիշխանությունը խախտվի, ուրիշները մտնեն իրենց տարածքի մեջ, և դա լինի իրենցը։ Եթե Հայաստանն ուզենար, որ նման բան պատահեր, նման գին չէր վճարի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում