Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական և առաջնահերթ նշանակություն: 

Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է և մեր երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Ուզրա Զեյան նշանակալի է համարել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված քայլերը և շեշտել մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրերի ու բարեփոխումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են վերը նշված ուղղություններով, ինչպես նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ծրագրերին: Կարևորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական նոր ծրագրերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը: 

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում