Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

6 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հուլիսի 11-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական կոմիտեներում քննարկված հարցերի և ընդունված որոշումների, կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել գրավոր քվեարկության գործընթացի թվայնացման, կադրային համալրվածության,  փաստաթղթաշրջանառության վերաբերյալ:

«Վարչապետին զեկուցվել է նաև դիմումների քննության գործընթացի վերաբերյալ, նշվել է, որ մշակվել և պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրվել ամենամսյա կտրվածքով քաղաքացիներից ստացված դիմումների թվաքանակի, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափ: Ընդգծվել է, որ նոր ձևաչափով վիճակագրական տվյալները ստացվում և ամփոփվում են ամենամսյա պարբերականությամբ: 

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև իրականացման ենթակա ծրագրերը, որոնք են քաղաքացիներից ստացված դիմումների քննարկման և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող հաշվետվությունների և վիճակագրական տվյալների արտաբերման հնարավորության ստեղծումը, գործարկումը, վերադաս պետական մարմնում «Թեժ գիծ» գործառույթի պարտադիր առկայության ապահովումը, «citizen-feedback» համակարգի գործարկումը, քաղաքացիներից ստացված դիմումների քննարկումն ու բավարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է՝ արդյոք առկա է վիճակագրություն, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում, կամ դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից: «2023 թվականին 9615 մարդ դիմեց, դա նշանակում է՝ 9615 հարց կա, դրանցից քանի՞սն է լուծվել և քանի՞սը մնացել առանց լուծման»,- հարցրել է վարչապետը: 

Ըստ աղբյուրի՝ ի պատասխան զեկուցվել է, որ վիճակագրությունը ստացվում է մի քանի աղբյուրի միջոցով, տվյալ դեպքում այլ գերատեսչություններից: «Հարց լուծողը որպես այդպիսին Վարչապետի աշխատակազմը չէ, որոշումը կայացվում է կոնկրետ իրավասու պետական մարմնում: Մենք դրա վերաբերյալ ստացած բողոքը կամ վերահասցեագրում, կամ պարզաբանում ենք ստանում՝ փորձելով հասկանալ նաև մյուս կողմի տեսակետը: Մեր վերահասցեագրած դիմումների նկատմամբ հսկողություն սահմանելով՝ հետո վիճակագրություն ենք ստանում, թե քանի տոկոսն ինչ ելքով է ավարտվել, ու դրանով իսկ հասկանում, թե վերահասցեագրած դիմումներից քանիսը լուծվեց կամ չլուծվեց»,- նշել է Վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը՝ ավելացնելով, որ ստացված դիմումների մեծ մասը բավարարվել է: 

Վարչապետը նշել է, որ այստեղ հարցը երկու կողմ ունի, առաջինը, որ դիմումների հետ աշխատելու գործընթացը լինի արդյունավետ: «Բայց նաև պետք է արձանագրել, որ, ի վերջո, քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին: Եվ այդ տեղեկատվությունն, ըստ էության, մեծ արժեք ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Հաջորդիվ զեկուցվել է վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական միջոցառումների կազմակերպմանն ուղղված գործընթացների, միջազգային պայմանագրերի և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի ընթացքավորման, արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: 

«Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, մշտադիտարկման, ռազմավարական նախագծերի փորձաքննության, ծրագրերի իրականացման մշտադիտարկման վերաբերյալ զեկուցվել է, որ 2023 թվականին Վարչապետի աշխատակազմի կողմից կատարվել է 541 միջոցառում, իսկ ռազմավարությունների մասով՝ 451 միջոցառում: 

«Բաց կառավարման գործընկերություն» 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրի մասով ներկայացվել է, որ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել է կարիքների գնահատում և լայնածավալ հետազոտություն, մշակվել է ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ինստիտուցիոնալ կառավարման մոդել: 

Հանրային մեխանիզմների ներդրման շրջանակում հիմնվել է irazekum.am հարթակը, իրազեկման նախագծերի շրջանակում նախաձեռնվել են «Խաղաղության խաչմերուկ», «Հայրենիքը պետությունն է» նախագծերը»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: Ընթացքի մեջ է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում