Ռուսաստան

ՌԴ-ում Յուլիա Նավալնայային ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում Յուլիա Նավալնայային ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկում փետրվարին մահացած քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ «Ռոսֆինմոնիթորինգ»-ը Յուլիա Նավալնայային ավելացրել է այն անձանց և կազմակերպությունների ցուցակում, որոնց վերաբերյալ տեղեկություններ կան ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչությանը մասնակցության մասին։

Համաձայն օրենքի՝ բանկերը սառեցնում են այս ցուցակում ընդգրկված անձանց դրամական միջոցները և դադարեցնում նրանց սպասարկումը։

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը  հայտնել էր Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Նավալնայայի հեռակա ձերբակալության մասին։

Նավալնայային մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական համայնքում ներգրավված լինելու հոդվածով։ Եթե ​​մեղքն ապացուցվի, նրան սպառնում է պատիժ կա՛մ 300 հազարից 600 հազար ռուբլու չափով տուգանքի տեսքով, կա՛մ հարկադիր աշխատանք՝ մեկից չորս տարի ժամկետով, կա՛մ ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով։

Ըստ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի՝ հետաքննությունը Նավալնայային մեղադրում է իշխանությունների վարկաբեկմանն ուղղված տեսահոլովակների ստեղծման և համացանցում տարածման, ինչպես նաև ՌԴ-ում ծայրահեղական ճանաչված Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի համար նվիրատվություններ հավաքելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում