Եվրոպա

Լեհաստանի հանքավայրերից մեկում ցնցումների հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակներում

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի հանքավայրերից մեկում ցնցումների հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակներում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի հարավային Սիլեզիայի շրջանի հանքավայրերից մեկում ուժգին ցնցումներ են տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է TVP Info լրատվամիջոցը։

Լեհական հանքարդյունաբերական խմբի ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիսոցկա-Սեմբիգան պարբերականին հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։16-ին, Ռիբնիկ քաղաքի մոտ գտնվող Ռիդուլտովի հանքավայրում։ Ցնցումները գրանցվել են 1200 մետր խորության վրա։ 

Ըստ ներկայացուցչի՝ ժամը 11։00-ի դրությամբ գետնի տակ դեռ մնում էր 53 հանքագործ։ 15 աշխատակից դուրս է բերվել, որոնցից տասը հոսպիտալացվել են։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ 

Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև մակերևույթին։ Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ Ռիբնիկ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ։

Ռիդուլտովի հանքավայրը Լեհաստանի ամենահին գործող ածխի հանքերից է, որի շահագործումը սկսվել է 18-րդ դարում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում