Կրթություն

Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանմամբ վերափոխելու նախագիծը

7 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանմամբ վերափոխելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվանմամբ փոխելու մասին նախագիծը, որի նպատակը ոչ թե պատմության բովանդակության, այլ բովանդակության ներկայացման ձևի փոփոխությունն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 11-ի Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։   

Նա նշեց, որ Կառավարության ծրագրի կարևորագույն անելիքները հանրակրթության բարեփոխումներն են, և դրանց բովանդակային բարեփոխման, և նոր պետական չափորոշչի ներդրման գործընթացում առանցքային հայեցակարգային փոփոխությունը, որն իրականացվել է, այն է, որ միայն գիտելիքի վրա հիմնված մոտեցումից անցում է կատարվել դեպի կարողությունների ձևավորմանը միտված կրթություն, որտեղ կարևոր են ինչպես գիտելիքը, հմտությունը, այնպես էլ արժեքներն ու դիրքորոշումը։ 

Անդրադառնալով դպրոցներում դասավանդվող առարկաներին, մասնավորապես, Հայոց պատմություն առարկային և դրանց չափորոշիչներին՝ Անդրեասյանը նշեց․ «Որպեսզի դպրոցն իրականացնի այս խնդիրները, առանցքային է պատմության ուսուցանումը։ Չափորոշչով սահմանված է հայրենագիտության և հասարակության ու հասարակական գիտությունների բնագավառը, որի շրջանակներում պետք է ներկայացվեն Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները։ Չափորոշչի մեկ այլ կետով՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է Հայոց պատմություն առարկան»,- նշեց Անդրեասյանը։

Ըստ նրա՝ այս պահին այդ առարկայի անվանումը խնդրահարույց է, որովհետև Հայք բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, սակայն իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը, ուստի նախագիծն առաջարկում է պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո։

«Պատմության ուսուցումն առաջին հերթին պետք է միտված լինի ժամանակակից Հայաստանի, Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այդ իմաստով մենք կկարողանանք նաև սովորողների համար շատ ավելի տեսանելի և համակարգային ներկայացնել պատմությունն՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը։ Եվ դրա հիմքով արդեն սովորողը պարզեցված տարբերակով կտեսնի ողջ պատմության և պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների և գործընթացների արդյունք», - ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նա տեղեկացրեց, որ այս նախագծով խոսքը գնում է ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության մասին, այլ առարկայի բովանդակության ներկայացման փոփոխության մասին։ 

«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը՝ պատմությունը ներկայացնելով այդ երկրի՝ իբրև հավաքական հանրության հանդես գալու պատմություն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ 

Նա նշեց, որ այս առումով ուսումնասիրվել է տարբեր երկրների, այդ թվում՝ տարածաշրջանային երկրների փորձը։ 

Ըստ նրա՝ այս նախագիծը նաև նորովի իմաստավորում է տալիս սփյուռքի և նրա գաղթօջախների պատմությանը՝ դրանք փոխկապակցելով ազգային պետություն ձևավորելու և այդ պետությունը զարգացնելու նպատակին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նախագծին, նշեց, որ նման որոշման ընդունումը կապված է նրա հետ, որ Կառավարության ռազմավարության հիմքում դրված է պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը։ 

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է, ու պետք է մենք ուժ ուեննանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ հանրային կյանքի կենտրոնում պետք է դնել պետությունը։ 

Փաշինյանի գնահատմամբ՝ այժմ գտնվում են մի գործընթացի մեջ, որտեղ փորձում են բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, և սա չափազանց կարևոր պրոցես է։

«Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը՝ պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։ Սա շատ կարևոր և հայեցակարգային տրամաբանություն է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս առումով կարևոր է հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում։ 

«Ինձ համար էլ անսպասելի, բայց Հայաստանի քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է․ դրանք «պետության» և «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են, և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է։ «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, պետք է խոստովանենք, երկար ժամանակ կանխորոշել է  մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրականության մեջ», - ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է ապահովել տրանսֆորմացիան Էմոցիաների ժողովրդից՝ դեպի պետության ժողովուրդ, քանզի պետություն ունենալը և պահպանելը ուրիշ մշակույթ ու մտածողություն է։

Վարչապետը հավելեց, որ անհրաժեշտ է առաջնորդվել իրական Հայաստանի տրամաբանությամբ, և բոլոր այն մոտեցումները, որոնք հակասում են ՀՀ պետական շահերին, պետք է մղվեն երկրորդ պլան և հեռանան իրականությունից։ 

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստան

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում