Մշակույթ

Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից կադրերը ցուցահանդեսով կներկայացվեն հանրությանը

2 րոպեի ընթերցում

Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից կադրերը ցուցահանդեսով կներկայացվեն հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի  «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից արված Ելենա Կարուսաարի լուսանկարները կցուցադրվեն առաջին անգամ:

Ֆիլմը նկարահանված է ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովի համանուն պատմվածքի մոտիվներով, որն էլ իր հերթին հիմնված էր թյուրքական հայտնի դաստանի վրա։ Փարաջանովյան անկրկնելի ոճով, բայցև սովորականից ավելի կատակերգական երանգներով ստեղծված այս ֆիլմն էկրանին վերակենդանացնում է ուշ Միջնադարի Արևելքը՝ ներկայացնելով սիրելի կնոջ հետ միավորվել ձգտող աշուղի պատմությունը։ Թողարկվելով 1988 թվականին՝ «Աշուղ Ղարիբը» վարպետի վերջին ավարտուն աշխատանքն էր 1990 թվականի հուլիսին, մահից առաջ։

Լուսանկարները, որոնք ներկայացվելու են, ու որոնց միջոցով մի փոքր ավելի եք իմանալու Փարաջանովի վերջին ֆիլմի մասին, մի քանի տարի առաջ գտնվել են Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում՝ մի արկղի մեջ, բոլորը հատ-հատ ծրարավորած, ստորագրված ու դասավորված։ 

Թերևս դա էլ օգնել է հասկանալ, որ «Լենֆիլմ» կինոստուդիայի լուսանկարիչ-նկարիչ Ելենա Կարուսաարի ֆոտոշարքը մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին աշխատանքի մասին: Սև ու սպիտակ տպագրությունները, որոնք Կարուսաարն արել է՝ ֆիլմը վարձույթում գովազդելու ու առաջխաղացնելու համար, փոխանցում են նկարահանումներին տիրող մթնոլորտն ու խորասուզում առարկաների, կտորների և հյուսվածքների զարմանալի աշխարհ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ցուցահանդեսը իրականացրել է «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանը։

Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում