Քաղաքականություն

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ 

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում, ամոթ է Հունգարիայի համար և սկանդալ՝ Եվրոպայի համար։ Մի՞թե Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», - գրել է ԵԽ պատգամավորը։ 

Ավելի վաղ հուլիսի 5-6-ը ԼՂ-ում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին Օրբանի մասնակցությանն անդրադարձել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում»։ 

«Հունգարիան ԵՄ խորհրդի կողմից թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետ հարաբերություններ զարգացնելու մանդատ չի ստացել։
Եվրամիությունը մերժում է Թյուրքական պետությունների կազմակերպության փորձերը՝ օրինականացնել անջատողական կիպրական թուրքական միավորումը, այսպես կոչված, միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ․․․․ ԵՄ-ն բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակներում, հստակ հայտարարել է, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան», - նշված է Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում