Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

7 րոպեի ընթերցում

Դիրիժորներ Վասիլի Պետրենկոյի և Էդուարդ Թոփչյանի ճեպազրույցը
Դիրիժորներ Վասիլի Պետրենկոյի և Էդուարդ Թոփչյանի ճեպազրույցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանած մի խումբ երիտասարդ դիրիժորներ հուլիսի 2-6-ը մասնակցում են «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի բացառիկ դասընթացներին: Նրանք հնարավորություն են ստանում անհատական փորձեր անցկացնել սիմֆոնիկ նվագախմբի հետ և մասնակցել «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինարին: Թե՛ նվագախմբային փորձերը, թե՛ սեմինարը վարում է Վասիլի Պետրենկոն: 

Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Primavera Foundation of Armenia հիմնադրամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում Վասիլի Պետրենկոն ասաց՝ շատ ուրախ է երկու տարվա դադարից հետո վերադառնալ Հայաստան և ոչ միայն համերգով հանդես գալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ղեկավարել այն, այլև վարպետության դասեր անցկացնել երիտասարդ դիրիժորների հետ:

«Հատուկ ակադեմիայի համար ստեղծվել է նվագախումբ՝ բաղկացած Ֆիլհարմոնիկ, «Կանդինսկի» նվագախմբերի և ErazArt ծրագրի երաժիշտներից: Շատ կարևոր է, որ երիտասարդ դիրիժորներն աշխատեն իրական նվագախմբի հետ, քանի որ ոչինչ չի կարող փոխարինել նման փորձին: Դասերից երկու օր է անցել, և ես հույս ունեմ, որ հուլիսի 6-ին կկայանա համերգը, որի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը կղեկավարի որևէ հատված այն ստեղծագործություններից, որոնց վրա աշխատել ենք նախորդող օրերին»,-նշեց նա:

Պետրենկոն վարպետության դասեր է անցկացրել Լոնդոնում, ԱՄՆ-ում և այլուր: Նրա խոսքով՝ Երևանում կազմակերպված ակադեմիայի մասնակիցները Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից են: «Իրականում այս պարագայում ազգային յուրահատկություններ չկան: Դիրիժորությունը ազգություն չի ճանաչում, պահանջում է որակներ և հրաշալի է, որ տարբեր երկրներից երիտասարդներ ցանկանում են զբաղվել այդ բարդ մասնագիտությամբ և պատրաստ են ինքնակատարելագործվել, ինչն այս մասնագիտությունը պահանջում է ամբողջ կյանքի ընթացքում»,-շեշտեց դիրիժորը:

Խոսելով հանդիսատեսի էներգիայի մասին՝ նա նշեց, որ այն միշտ է զգում, և մեջքով կանգնած լինելը բնավ չի խանգարում: «Այդ էներգիան ավելի շատ զգում ես ոչ թե ծափահարությունների, այլ լռության ընթացքում, երբ հանդիսատեսն ուշադիր ունկնդրում է: Իսկ ես բեմում մտածում եմ այն երաժշտության մասին, որը մեկնաբանում ենք, մտածում եմ՝ ինչպես այդ օրը, այդ պահին ավելի լավ կատարել տվյալ ստեղծագործությունը, մտածում եմ, թե ինչպես կարող եմ օգնել նվագախմբին հանդիսատեսին հասցնել բոլոր նյուանսները: Ե՛վ նվագախումբը, և՛ դիրիժորը, և՛ հանդիսատեսը կարևոր են համերգին, սակայն կա չորրորդ դերակատարը, որն ամենագլխավորն է. խոսքը կոմպոզիտորի մասին է»,-ընդգծեց Վասիլի Պետրենկոն: 

Ակադեմիայի փորձերն ու գալահամերգը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն վիեննական դասականների, 20-րդ դարի երաժշտություն: Պետրենկոն հույս ունի, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հաջորդ համերգին առիթ կլինի կատարելու  նաև հայ կոմպոզիտորների գործեր:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշանակալի է համարում Վասիլի Պետրենկոյի երկրորդ այցը Հայաստան, նրա համագործակցությունը Ֆիլհարմոնիկի հետ: «Նախորդ անգամ  շատ լավ հարաբերություններ են ստեղծվել մեր երաժիշտների ու դիրիժորի միջև, Պետրենկոն սիրել է Հայաստանը, ուստի այս անգամ ցանկացավ իր ակադեմիան կազմակերպել մեր երկրում: Մի անգամ չէ, որ ասել եմ՝ մենք երիտասարդ դիրիժորների խնդիր ունենք, ուստի պետք է փորձենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ Հայաստանում դիրիժորներ լինեն, երբ լինեն, նրանց շփումը Պետրենկոյի պես մեծ դիրիժորի հետ լուրջ նշանակություն կունենա տվյալ երիտասարդների ապագայի համար: Չկան դիրիժորներ, որովհետև չկա, դպրոց, չկան հնարավորություններ, չկան ուսուցիչներ: Դիրիժորությունը երիտասարդների համար գրավիչ կլինի, եթե նրանք իմանան, որ  սովորելու են, աշխատելու և վաստակելու են: Գիտեն՝ ինքնաարտահայտվելու դաշտ չկա, չեն ընտրում այդ մասնագիտությունը»,-ընդգծեց Թոփչյանը:

Նա կարծում է՝ պետք է լինի հարթակ, որտեղ  երիտասարդ դիրիժորները կկարողանան զարգանալ:  ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկում են Հայաստանում երիտասարդ նվագախումբ ստեղծելու հարցը, նվագախումբ, որի հետ կաշխատեն միայն երիտասարդ դիրիժորներ: Ըստ Թոփչյանի՝ դա հրաշալի կրթություն կլինի ինչպես դիրիժորների, այնպես էլ երաժիշտների համար, որոնք հետագայում կհամալրեն Հայաստանի պրոֆեսիոնալ նվագախմբերը:

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն տարածաշրջանի համար նախադեպը չունեցող ամենամյա կրթական ծրագիր է, որը մեծ փորձառություն և խթան կհանդիսանա երիտասարդ դիրիժորների համար:

Վասիլի Պետրենկոն՝ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021-ից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը՝ այժմ վերջինիս դափնեկիր դիրիժորն է: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:

Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում կա մոտ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի և Միխաիլովյան օպերային թատրոններում և Գլայնդեբուրնի փառատոնում:

Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:

Անժելա Համբարձումյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում