ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, որ տարիներ շարունակ իր ինքնատիպ ներկայացումներով գրավել է հանդիսատեսին, սերունդներ կրթել, նախաձեռնել միջազգային փառատոններ, որոնք կապել են Հայաստանն աշխարհի հետ, հուլիսի 3-ին տոնեց 65-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանը նշանավորվեց «Կնոջս անունը Մորիս է» կատակերգության առաջնախաղով, որը թատերասերները հաճույքով դիտեցին:
Հակոբ Ղազանչյանն առաջին անգամ ավելի քան քսան տարի առաջ է բեմադրել այդ գործը: «Կատակերգության կարիք կար, և ես հիշեցի այս ստեղծագործությունը: Հեղինակը՝ Րաֆֆի Շարտը, որ մեր հայրենակիցն է և ապրում է Ֆրանսիայում, տեսել էր նախորդ բեմադրությունը: Նա մեծ ուրախությամբ համաձայնեց, որ այն կրկին բեմադրենք: Երբ քննարկում էինք առաջնախաղի օրը, տնօրենն ասաց, որ հուլիսի 3-ն է ազատ: Ներկայացումը համընկավ ծննդյանս հետ»,-պրեմիերայից հետո պատմում է բեմադրիչը:
Ղազանչյանն իր հոբելյանը նշելու տրամադրություն չի ունեցել, բայց առիթն օգտագործել են և հրատարակել փոքր գիրք-ալբոմ, որը ներառում է նրա լավագույն աշխատանքները կարիերայի սկզբից մինչ օրս:
Ռեժիսորի առաջին բեմադրությունը եղել է 1982 թվականին. հանդիսատեսի դատին է հանձնել Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը: Բեմականությունը Ղազանչյանի առաջարկով կոչվել է «Չապրած տարիներ»: Ռեժիսորն ու գրողը մտերմացել են, բարեկամացել: Ղազանչյանը կարծում է, որ Պետրոսյանը լիարժեք չի գնահատվել, և սերունդները լավ չեն ճանաչում իրենց գրողներին, ինչը ժամանակաշրջանի խնդիրն է:
«Կան ներկայացումներ, որոնք ես սիրել եմ: Տարբեր ժամանակներում տարբեր բեմադրություններ եմ նախընտրել: Կար ժամանակ, որ իմ սիրած ներկայացումը «Անտիգոնե»-ն էր, որն անընդհատ մասնակցում էր փառատոնների, հետո՝ «Ամպեր»-ը, որը առհասարակ նշանակալի էր ինձ համար, քանի որ այդ ներկայացումից հետո ինձ հրավիրեցին բեմադրություն անել Մակեդոնիայի ամֆիթատրոնում՝ Կրայովայում, որտեղ աշխարհի ամենախոշոր շեքսպիրյան փառատոնն է անցկացվում, մի քանի փառատոնի մեր ներկայացումը մասնակցեց, իսկ հիմա իմ սիրած ներկայացումը «Արքան հրապարակում» բեմադրությունն է»,-ասում է նա:
Ռեժիսորը մշտապես բեմադրել է այն ստեղծագործությունները, որոնք հավանել է, եղել են դեպքեր, որ չի հավանել պիեսը, սակայն պարտավորված է եղել բեմադրել: «Հայրս՝ Երվանդ Ղազանչյանը, հարցնում էր, թե ինչ գործ եմ ցանկանում բեմադրել Պարոնյանի անվան թատրոնում: Մի առիթով ասացի՝ «Ռևիզոր»-ը, պատասխանեց՝ հրաշալի է, և բեմադրեցի: Նա նաև առաջարկել է որոշ ներկայացումներ բեմադրել, սակայն բռնապետ չի եղել»,-նշում է Ղազանչյանը:
Տարիներ առաջ Հակոբ Ղազանչյանի ներկայացումներից մեկի առաջնախաղից առաջ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ասաց՝ հպարտանում է, որ նման որդի ունի, ուրախ է, որ նա յուրահատուկ ձեռագիր ունի և երբեք չի փորձել կրկնօրինակել իրեն: «Յուրաքանչյուր արվեստագետ ինքնուրույն մարդ է. եթե այդպիսին չեղավ, անհասկանալի է, թե ինչ կստեղծի: Շատ դեպքեր կան, որ որդիներն իրենց հայրերին նման չեն, ավելին՝ վիճել են, կռվել են: Ես ևս շատ եմ բանավիճել հորս հետ, իմ անհամաձայնությունն եմ արտահայտել, շատ բան չեմ հավանել, ասել եմ նրան այդ մասին, նա իմ ասածներն ավելի հիվանդագին էր ընդունում, բայց դա բնական է: Վերջին հաշվով ի՞նչ է բեմը, ի՞նչ է թատրոնը, ո՞րն է ռեժիսորի աշխատանքը: Պատասխանը հետևյալն է՝ թե ինչպես ես դու տեսնում այդ ստեղծագործությունն այսօրվա համատեքստում: Դու կարող ես մի կերպ տեսնել, մեկ այլ ռեժիսոր՝ այլ կերպ: Լավ է, որ ես երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում»,-ասում է Հակոբ Ղազանչյանը:
Առաջիկա տարիների համար նա բազմաթիվ ծրագրեր ունի, սակայն չի ցանկանում բացել բոլոր փակագծերը, միայն նշում է, որ հետաքրքիր միջազգային նախագիծ է իրականացնելու:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչին շնորհավորելու էին եկել բազմաթիվ արվեստագետներ, ընկերներ, հարազատներ, որոնք ստեղծագործական նոր նվաճումներ էին մաղթում Ղազանչյանին, իսկ Պարոնյանի անվան թատրոնի արտիստները երգով էին իրենց սերն արտահայտում ռեժիսորի նկատմամբ:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հիշեցնում է՝ Հակոբ Ղազանչյանն աշխատել է Կապանի թատրոնում, Գյումրիի թատրոնում, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում և մեծ ներդրում ունեցել նաև այդ թատրոնների զարգացման գործում: «Շատ սիրում եմ Հակոբ Ղազանչյանին և՛ որպես մարդու, և՛ որպես բեմադրիչի, և՛ որպես մեր միության նախագահի, սակայն ավելի շատ՝ որպես ընկերոջ: Որպես ընկերներ մենք շատ միջոցառումների ենք մասնակցել, հանձնաժողովներում ենք եղել, հաճախ մեկնել ենք Արցախ ներկայացումներ դիտելու, հյուրընկալելու: Միշտ տեսել եմ նրա մեծ սերը, պատասխանատվությունն Արցախի թատրոնի նկատմամբ, որն այսօր դժվար իրավիճակում է, Ղազանչյանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել մարզային թատրոններին, ինչը շատ եմ ցանկանում ընդգծել: Մայրաքաղաքում այսպես թե այնպես թատրոնները գոյատևում են, բարդ է մարզերում: Եթե չլիներ Ղազանչյանի օգնությունը, աջակցությունը, շատ մարզային թատրոններ բարդ իրավիճակում կհայտնվեին»,-շեշտում է Դադասյանը:
Շնորհավորելով Հակոբ Ղազանչյանին՝ Ժիրայր Դադասյանը նրան մաղթում է, որ սերը թատրոնի նկատմամբ, նվիրումը թատերական համքարությանն անսպառ լինեն:
Հակոբ Ղազանչյանի դուստրը՝ Մարիամ Ղազանչյանը, որ հրաշալի էր կերտում իր կատակերգական դերը «Կնոջս անուն է Մորիս է» ներկայացման մեջ, խոստովանում է՝ լարվածություն կար: «Շատ սիրել ենք թե՛ աշխատանքային գործընթացը, թե՛ այս ներկայացումն ու սիրով ենք աշխատել: Երբ որոշվեց, որ ներկայացումը խաղալու ենք հորս ծննդյան օրը, ավելի մեծ ոգևորությամբ աշխատեցինք: Հաճելի էր»,-նշում է նա:
Մարիամ Ղազանչյանը Հակոբ Ղազանչյանին իր ուսուցիչն է համարում, նրան առողջություն, բուռն ստեղծագործական գործունեություն մաղթում, ցանկանում, որ հայրը միշտ իրենց կողքին լինի:
Հակոբ Ղազանչյանը 1982 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1984-1989 թվականներին գլխավորել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոնը, 1989-1996 թվականներին` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը: Ղեկավարել է Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Ավելի քան հարյուր ներկայացման հեղինակ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների։ 1994 թվականին Ղազանչյանը նկարահանել է «Վերջնագիծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ 2007 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է, «Արմմոնո» և Շեքսպիրյան փառատոնների հիմնադիրն է:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի