Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, այս ոլորտում կրթության համակարգի ամբողջական վերափոխման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

«Զրուցակիցներն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը և վերահաստատել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի իրենց հանձնառությունը:

Պաշտպանն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման, գենդերային հավասարության երաշխավորման ոլորտում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը, անդրադարձել իր կողմից նշված բնագավառներում կատարած աշխատանքներին, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման առանձնահատկությունը` նկատի ունենալով այն, որ վերջինիս շրջանակներում իրավահավասարության և հակախտրականության հարցերը ներկայացված են նոր մեթոդաբանությամբ և ժամանակակից միջազգային չափանիշները նկատի ունենալով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը կարևորել է նաև տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Նշվում է, որ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում