ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 21-րդ անգամ Հայաստանում կհյուրընկալի Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր փառատոններում հաղթած, ինչպես նաև օսկարակիր ֆիլմեր, հնարավորություն կտա հանդիպել անվանի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Տարսեմ Սինգհը, թատրոնի, կինոյի դերասան Քեվին Սփեյսին և այլք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանն ասաց՝ 21-րդ տարին է՝ շնորհավորում է փառատոնի բացումը: «Այսօր իմ կողքին են այն երիտասարդները, որոնք փառատոնի մեկնարկի ժամանակ ուսանողներ էին և որպես կամավորներ աշխատում էին մեզ հետ, իսկ այսօր ղեկավարում են, կազմակերպում են փառատոնի կարևոր իրադարձությունները»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և բոլոր այն կառույցներին, որ աջակցում են «Ոսկե ծիրան»-ի անցկացմանը:
Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ 21-րդ փառատոնը լի է անակնկալներով, կարևոր շեշտադրումներով: Նա վստահեցրեց՝ իրենց կարևորագույն նպատակն է կինոյի միջոցով կամուրջ հանդիսանալ Հայաստանի և աշխարհի միջև: Ավետիսյանը կարծում է՝ կինոն, որը համադրում է արվեստի տարբեր ճյուղերը, համախմբման միջոց է: «Այս տարի փառատոնին նշելու ենք Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանները: Ցանկացել ենք մեկ այլ տեսանկյունից հայացք նետել նրանց արվեստի վրա: Նրանք չափազանց տարբեր քաղաքակրթությունների, արվեստների կրողներ են, որոնց միավորում է կինոն: Մեր փառատոնը, որ քաղաքակրթությունների, մշակույթների խաչմերուկ լինելու կարգախոսն ունի, ձոն ու հարգանքի տուրք է մատուցում երկու մեծերին: Նախատեսվում են նրանց նվիրված ցուցահանդեսներ, պերֆորմանսներ տարբեր արվեստագետների մասնակցությամբ»,-շեշտեց Ավետիսյանը;
21-րդ «Ոսկե ծիրան»-ին հյուրերը ոչ թե կարմիր գորգով կքայլեն, այլ՝ հայկական ձեռագործ գորգով: Կարեն Ավետիսյանը շեշտեց, որ գորգը նկարազարդել են ժամանակակից արվեստագետները, գործել են պրոֆեսիոնալ գորգագործները: «Ըստ իս՝ մենք կարող էինք մեզ նման բան թույլ տալ՝ հաշվի առնելով դարերից եկող գորգագործական ավանդույթները և համադրել անցյալն ու ներկան»,-ասաց նա:
Կարեն Ավետիսյանն ուրախալի համարեց այն, որ կինոփառատոնին ցուցադրելու են օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր և այլ կինոնկարներ, հյուրընկալելու են ականավոր արվեստագետների: «Լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը, տարածաշրջանային համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը Տարսեմ Սինգհն է: Նա մեծ արվեստագետ է և ոգեշնչված է Փարաջանովի արվեստով: Պոպուլյար մշակույթում Փարաջանովի դեսպանն է: Հնարավորություն կլինի նրան հարցեր ուղղել բոլոր այն դավադրապաշտական տեսությունների մասին, որոնք կապված են Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հետ: Հյուրերից է նաև Ատոմ Էգոյանը, որ կանգնած է փառատոնի ակունքներում: Նա 12 տարի չի մասնակցել փառատոնին, բայց կվերադառնա ֆիլմով, որով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը: Էգոյանը նաև կարճամետրաժ ժյուրիի նախագահն է, ինչը մեծ պատիվ կլինի երիտասարդ, սկսնակ ռեժիսորների համար, որոնք առաջին քայլերն են անում այդ մրցութային ծրագրում: Քևին Սփեյսիին հյուրընկալելու մասին բոլորը գիտեն, միայն կասեմ, որ նա բաց հանդիպում կունենա արվեստասերների հետ, իսկ ուսանողների համար վարպետության դաս կանցկացնի: Նրա այցը ոչ թե հայտնի մարդու սիմվոլիկ մասնակցություն է փառատոնին, այլ ունի կրթական բաղադրիչ»,-շեշտեց «Ոսկե ծիրան»-ի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը խոստովանեց՝ խանդավառությամբ է հետևել «Ոսկե ծիրան»-ին, որը տարիների ընթացքում մեծ հեղինակություն է ձեռք բերել ու կայացել անկախ Հայաստանի զարգացմանը զուգահեռ: «Մեր արվեստագետները պետք է ելույթներ ունենան ամբողջ աշխարհում, հանրահռչակեն մեր մշակույթը, սակայն կարևոր է, որ աշխարհից Հայաստան գան մեծերն ու այստեղ ներկայացնեն իրենց արվեստը՝ ֆիլմերը, երաժշտությունը և այլն ու Հայաստանը դարձնեն «սովորական երկիր», ուր այցելելը բնական երևույթ է: Դա բարձրացնում է մեր երկրի վարկանիշն ու նպաստում զբոսաշրջության զարգացմանը»,-ասաց Դանիելյանն ու վստահեցրեց, որ «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ է, գեղեցիկ հոգի ունի:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին շատ են աշխատել կինոյի մասին օրենքը փոխելու, զարգացնելու շուրջ և շուտով մանրամասներ կհայտնեն ներդրումների մասնակի վերադարձի օրենքի մասին, որն առարկայական օգուտ կտա ոլորտին:
««Դրամական խրախուսում» ծրագրի շրջանակում էլ, որ այս տարի հաստատվեց ՀՀ կառավարության կողմից, ունենք երկու շահառու: Հեղինակավոր մրցույթների, փառատոնների մասնակցության համար պետությունը մինչև 660 հազար ամսական գումար է տրամադրում հաղթողին մեկ տարվա կտրվածքով: Տարվա ընթացքում ստացվում է ավելի քան 7 մլն դրամ գումար»,-ասաց Դանիել Դանիելյանը:
Երևանի քաղաքապետարանը 21-րդ «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն է: Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի համոզմամբ՝ «Ոսկե ծիրան»-ը Երևանի այցեքարտերից է: «Արդեն երեք տարի փառատոնի հովանավորն ենք: Կարծում եմ՝ մենք կարողանում ենք թե՛ բովանդակության, թե՛ հյուրերի, թե՛ քաղաքացիների ներգրավվածության առումով դրական ցուցանիշներ ապահովել: Այս քաղաքականությունը կլինի շարունակական: 21-րդ փառատոնին հատկացրել ենք շուրջ 100 մլն դրամ գումար: Այս տարի Երևանի քաղաքապետարանը սեփական ֆիլմով է հանդես գալու փառատոնին, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Երիտասարդ սցենարիստներին, կինոարտադրողներին խրախուսելու համար մրցույթ էինք կազմակերպել ու շուտով արդյունքները կներկայացնենք հանրությանը: Կլինի երևանյան պատմությունների հավաքածու»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը։ Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի