Մարզեր

Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը

2 րոպեի ընթերցում

Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը

ԳՅՈՒՄՐԻ, 3  ՀՈՒԼԻՍ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով հուլիսի 3-ին Շիրակի մարզում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանի հետ հանդիպմանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է մարզն ու պատմել մարզի հնարավորությունների, առանձնահատկությունների և ներուժի մասին։

Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել են քույր քաղաքներ ունենալուն, ինչպես նաև Գյումրիում առաջիկայում մշակութային նախաձեռնություններ իրականացնելուն վերաբերող հարցերի։ 

Մարզպետը վստահեցրել է, որ լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դեսպանատան միջոցառումների իրականացմանն աջակցելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում։ 

«Փոքրիկ բացթողում է, որ Շիրակի մարզի ու մեր համայնքների հետ չեխական որևէ քաղաքի ու շրջանի միջև համագործակցություն դեռ չունենք, վստահ եմ՝  համատեղ ջանքերով կկարողանանք նաև այդ բացթողումը շտկել։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը»,-իր խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար։ «Ուրախ եմ նաև, որ նույն կերպ ենք մտածում, երբ խոսքը համագործակցության ամրապնդման ու ապակենտրոնացմանն է առնչվում։ Ձեզ հետ հանդիպումից հետո առավել ոգևորությամբ հենց Շիրակում կնախաձեռնենք մի շարք միջոցառումներ, որոնց մասին արդեն դեսպանատանը քննարկել ենք, ինքս էլ կփորձեմ անել հնարավորը համագործակցության նոր շրջանակներ գտնելու համար»,-հավելել է Պետր Պիրունչիկը։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։ 

        

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում