Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

4 րոպեի ընթերցում

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օրերս կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի Կամերային երաժշտության ամառային դպրոցը, որը եզրափակվեց հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած շքեղ գալա-համերգով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կամերային երաժշտության ամառային դպրոցը կազմակերպել էր Primavera Foundation of Armenia հիմնադրամը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ, որն անցավ 2024թ.-ի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացները մասնակիցների համար անվճար էին, իսկ համերգի մուտքն՝ ազատ:

Ամառային դպրոցի ընթացքում պրոֆեսոր Կրասոտինան անհատական պարապմունքներ է վարել կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել էին մասնակցության համար: Դպրոցին մասնակցում էին ինչպես Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներ, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ:

Գալա-համերգին երիտասարդ երաժիշտները փայլեցին իրենց վարպետությամբ՝ կատարելով Հայդնի, Բեթհովենի, Գլիերի, Գրիգի, Պուլենկի, Դեֆալյաի և այլ եվրոպական դասականների ստեղծագործություններ: Վերջիններիս կողքին հնչեց նաև Ամառային դպրոցի մասնակից, պատանի ջութակահարուհի և կոմպոզիտոր Վիկտորիա Ուլիխանյանի «Արևի մեխանիկա» տրիոն, իսկ համերգի հատուկ հյուր, միջազգային ճանաչում ունեցող «Ավետիս» լարային քառյակը ներկայացրեց Արման Ղուշչյանի «Հավերժությունը կազմված է ներկայից» ստեղծագործության նոր խմբագրության համաշխարհային պրեմիերան (ստեղծագործությունը գրվել է 2023թ.-ին, որի սկզբնական տարբերակը հնչել է Լյուցեռնի փառատոնին՝ ամերիկյան Isidore String Quartet-ի կատարմամբ):

Պրոֆեսոր Կրասոտինան նշում է, որ ինքը պատանի երաժիշտների հետ ամեն օր ինտենսիվ պարապմունքներ է անցկացրել և ապշած է նրանց աշխատասիրության, առաջընթացի և զգայուն ընկալունակության վրա: «Նրանք հրաշալի արդյունքներ են գրանցել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով»,-հավելեց տիկին Կրասոտինան: Նա նաև ավելացրեց, որ իր համար բացահայտում էր այն, որ պատանի երաժիշտներից ոմանք նաև ստեղծագործում են: «Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և ըմբռնում, սոցիալական կապեր ստեղծել, ընկերական հարաբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չունեցող երաժիշտներին  մնալ բեմի վրա և շարունակել հաջող երաժշտական գործունեությունը: Մենք ծրագրում ենք Կամերային անսամբլի ամառային դպրոցը դարձնել ամենամյա և տարեցտարի ընդլայնել այն»:

Պատանի երաժիշտները չէին կարող թաքցնել իրենց ոգևորությունը և գնահատանքը այն բոլոր մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Նրանք նաև բարձր էին գնահատում վերջինիս մարդկային առաքինի որակները և այն, որ պրոֆեսորը միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք-կողքի հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:

Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլային ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  «Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավար: Սա տիկին Կրասոտինայի երկրորդ այցելությունն է Հայաստան. նա 2023 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացրել է կամերային անսամբլի վարպետության դասեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում