Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

6 րոպեի ընթերցում

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը  Կիպրոսի Financial Mirror լրատվամիջոցին տված հարցազրույցում: 

Հարցազրույցի հայերեն թարգմանությունը տեղ է գտել դեսպանության սոցիալական հարթակներում: «Արմենպրես»-ն ուշագրավ հատվածները ներկայացնում է ստորև:

Դեսպանը խոսել է Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կիպրոսի Հանրապետության կառավարության անդամների և օրենսդիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև արտաքին և ԵՄ հարաբերությունների մշտական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների մասին:

Խոսել է նաև ակադեմիական ոլորտում՝ մասնավորապես Կիպրոսի համալսարանում և գիտահետազոտական ու վերլուծական կենտրոններում հանդիպումների մասին, որոնց նպատակն է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնում:

Նա նշել է, որ Կիպրոսը Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում, որի հետ հարաբերությունները կարելի է բնութագրել ռազմավարական ոչ միայն ԵՄ-ում, այլ նաև երկկողմ ձևաչափում, որտեղ պաշտպանական ոլորտն ունի իր ուրույն կարևորագույն տեղը:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին հաջորդած զարգացումների վերաբերյալ հարցին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին, Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դրա հիման վրա սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, առկա և նոր տրանսպորտային և բեռնափոխադրումների ճանապարհների վերացմանը և կառուցմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան, որտեղ Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ բարձրացվող միջանցքի տրամադրման պահանջը՝ երրորդ երկրների կողմից անվտանգության ապահովմամբ, անընդունելի է:

Շարունակելով խաղաղության շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առկա հարցերը՝ դեսպան Մկրտչյանը կարևորել է նաև ԼՂ-ում առկա հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, ընդգծել բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ քարոզչական թեզի թմբկահարմանը, որն ընդգրկում է Հայաստանը: Դեսպանը նաև անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիների և նրանց դեմ հարուցված արհեստական դատական գործերին։

Հարցազրույցի մեջ նշվում է, որ վերոնշյալ հարցերը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության կերտման հիմնական խոչընդոտներն են:

Ընդգծելով միջազգային համայնքի՝ որպես միջնորդ հանդես գալու դերը, դեսպան Մկրտչյանը կարևորել է երկկողմ անմիջական շփումներն ու բանակցությունները, որտեղ մասնավորապես շեշտել է քաղաքական կամքը՝ երկու պետությունների միջև ձգտելու երկարաժամկետ խաղաղության:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, և երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ սկսած ժողովրդավարությունից մինչև դիմակայություն, ինչպես նաև այս համատեքստում նշեց հունիսին և ավելի վաղ՝ ապրիլին կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին, ընդգծելով հայտարարությունների մեջ տեղ գտած կարևոր փաստը Հայաստանի կողմից տարածաշրջանում անվտանգության և կայունության ներդրման վերաբերյալ: 

Ամփոփելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսքը՝ դեսպան Մկրտչյանն ընդգծել է այն փաստը, որ Հայաստանի հարաբերությունների սերտացումը ԵՄ հետ կապված է ոչ թե այն հանգամանքից, թե ինչ է Հայաստանը առաջարկում կամ վաճառում, այլ թե ինչ է Հայաստանն իրենից ներկայացնում որպես այդպիսին, որը ժողովրդավարական պետություն է, հարգում է միջազգային և մարդու իրավունքները և խոսքի ազատությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: 

«Հայաստանն իր արժեքային համակարգով եվրոպական պետություն է, և քաղաքակրթության տեսանկյունից է նաև վերջինիս սերտացումը ԵՄ հետ հարաբերություններում»,- ասել է դեսպանը:

Ի պատասխան լրագրողի հարցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ՝ դեսպան Մկրտչյանը նշել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների և սահմանների բացման կարևորությունը՝ առանց նախապայմանների: Դեսպանը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Ամփոփելով հարցազրույցը, լրագրողը կարևորել է Թուրքիային տրված հնարավորությունը Հայաստանի հետ հարաբերություններում ցուցադրելու խաղաղության և կայունության ջատագովի կերպար, ինչը, նրա խոսքով, ցավոք բոլորովին այլ է Կիպրոսի հետ հարաբերություններում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում