Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

4 րոպեի ընթերցում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հենակետային մարզաձևերի շարքում անկախացումից հետո ծանրամարտը միշտ էլ առաջին տեղում է եղել: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանն ունի 3 ծանրորդ մասնակից:

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը ծանրորդ Գարիկ Կարապետյանն է: Վերջինիս համար այս Օլիմպիական խաղերն առաջինն են:

Գարիկ Կարապետյան

Ծանրորդ (102 կգ)

21 տարեկան

Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր

Փարիզ-2024-ը առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` օգոստոսի 10

 

-Գարիկ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ծանրամարտով:

-Ծանրամարտով հետաքրքրվել սկսվել եմ մոտ 14 տարեկանում: Ինչպես գիտեք, հայրս ևս ծանրորդ է եղել: Սակայն հեռուստացույցով շատ եմ նայել մեր ծանրորդների` Տիգրան Մարտիրոսյանի, Արա Խաչատրյանի, Գևորգ Դավթյանի ելույթները, Գոռ Մինասյանի ու Սիմոն Մարտիրոսյանի մոտեցումները: Բայց այդ ժամանակ չէի էլ մտածում, որ մի օր իրենց հետ այս նույն ճանապարհն եմ անցնելու: 

-Այժմ հավաքականի մի մասն եք: Պատասխանատվության ձեր բաժինն ունեք:  Ինչպիսի՞ զգացողություն է:

-Ուրախ եմ, որ հիմա թիմի մի մասն եմ, քանի որ բոլորն էլ ընկերներս են և օգնում են իրենց խորհուրդներով:   

-Ծանրամարտը ձեր ընտանիքի մի մասն է, քանի որ ձեր հայրն էլ անվանի ծանրորդ է: Ի՞նչ խորհուրդներ եք ստանում նրանից:

-Քննարկումներ ունենում ենք, իհարկե: Հայրս ամեն հարցում կողքիս է: Ծանրամարտի մասին խոսում ենք միայն մարզադահլիճում, տանը չենք էլ քննարկում: Օջախում զուտ հայր և որդի ենք, մարզադահլիճում մարզիչ և մարզիկ փոխհարաբերություններն են: 

-Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը:

-Աշխատասիրությունը: 

-Արդյո՞ք եղել է այս մարզաձևում մեկն, ով օրինակ է եղել ձեզ համար:

-Հայրս է: 

-Գարիկ,  երիտասարդ տարիքում մասնակիցն եք լինելու սպորտային կյանքի ամենակարևոր իրադարձությանը` Օլիմպիական խաղերին: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:

-Ինձ համար մեծ նշանակություն ունեն այս խաղերը: Մեծ առաջադրանք ունեմ կատարելու Փարիզի խաղերին: Խոստումներ չեմ տա, առաջ Աստված: Շատ քչերին է բախտ վիճակվում լինել Օլիմպիական խաղերում, շատ քչերին է դա տրված: Հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար:

-Ի՞նչ եք տեսնում ու լսում ծանրաձողին մոտենալիս:

-Մոտենալիս տեսնում եմ միայն ծանրաձողը, իսկ արդեն բարձրացնելուց հետո լսում եմ ամեն ինչ, ինչ կատարվում է շուրջբոլորս: Եվ սովորություն էլ չունեմ մոտենալիս ինքս ինձ հետ խոսելու:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:

­-Գուցե մեր քաշային կարգի այլ մարզիկներն, ովքեր լավագույններից են: Փորձում եմ առավել շատ մարզվել, որ կարողանամ գերազանցել նրանց:

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-Նոր ճանապարհի սկիզբ, գուցե:

 

 

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում