ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ճանաչում ունեցող դիզայներ Վարդուհի Նազարյանը, ոգեշնչվելով Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությամբ և ցանկանալով հարգանքի տուրք մատուցել մեծն կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին, ստեղծում է նոր հավաքածու: Այն ազգագրային արվեստի, նորաձևության և նորագույն տեխնոլոգիաների համաձուլում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կյանքի կկոչվի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուից ընտրված «Սպարտակ», «Գայանե» և «Երջանկություն» բալետների ազդագրերի հիման վրա կստեղծվեն շապիկներ, որոնք նորագույն տեխնոլոգիաների կիրառման յուրօրինակ դրսևորում են: Համագործակցության հիմքը դրվել է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին և կշարունակվի մինչև 2024-ի ավարտը: Յուրաքանչյուր ամիս հավաքածուն կհամալրվի նոր նմուշներով։
Նախագծի շրջանակում ստեղծված մոդելների վաճառքից ստացված հասույթի 15 տոկոսն ուղղվելու է Արամ Խաչատրյանի ժառանգության պահպանմանն ու նրա տուն-թանգարանի զարգացմանը։ 2024-ի ավարտին դիզայներն ու տուն-թանգարանը համատեղ հաշվետվություն կներկայացնեն ստացված գումարի և դրա նպատակային վերաբաշխման մասին։
Հավաքածուի առաջին մոդելները ստեղծվել են «Երջանկություն» բալետի ազդագրերի հիման վրա։ Վիզուալ պատկերում ուշագրավ է անիմացիայի կիրառումը՝ Արարատ լեռան ֆոնին, գորգի վրա պարում են բալետի պարուհիները, իսկ անկյունում տեղակայված ձիավորը կարծես ծածուկ հետևում է նրանց։ Անիմացիան աշխատում է տպագրության յուրահատկության շնորհիվ:
Վարդուհի Նազարյանը նորաձևության աշխարհում հայտնի է գործվածքների ստեղծման նորարական մոտեցումներով և այս հավաքածուն նույնպես բացառություն չէ: Նա օգտագործում է նարնջի կեղևից պատրաստված գործվածքներ, նյութեր, որոնց բաղադրամասերը կոճապղպեղից, հալվեից, սուրճի արտադրության մնացուկներից, անանուխից, ինչպես նաև վերամշակված պլաստիկից ստացված մանրաթելեր և այլ տեխնոլոգիական նյութեր են։ Հավաքածուն ներառում է ինչպես սովորական, այնպես էլ էկոբամբակից պատրաստված արտադրանք։ Յուրաքանչյուր նմուշին կցված հավաստագիրը հաստատում է լաբորատորիայում ստացված այս կամ այն մանրաթելի առկայությունը։
Վարդուհի Նազարյանը նշում է, որ իր համար ամենասպասվածը կաթից պատրաստված զգեստն է, որի վաճառքը նախատեսվում է սկսել 2024-ի օգոստոսից։ Նա հավելում է, որ այս ծրագրի իրականացման մեջ իր գլխավոր նպատակն է հարգանքի տուրք մատուցել մեծն կոմպոզիտորի երաժշտական ժառանգությանը, նորաձևության միջոցով հանրահռչակել այն թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում և աջակցել այդ ժառանգության պահպանմանը: Հագուստների գործվածքները բերվում են արտասահմանից, բայց պատկերների տպագրությունը և կարը հայկական են: Հագուստները ստեղծվում են Վարդուհի Նազարյանի ծննդավայր Գյումրիում գտնվող նրա արվեստանոցում՝ տեղի արհեստավարժ վարպետների միջոցով: Նազարյանը գործի հանդեպ իր նվիրված ու խստապահանջ վերաբերմունքով կարողանում է հայրենիքում միջազգային որակի արտադրություն ապահովել:
Vardoui Nazarian բրենդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Նազարյանը մշակել է բնական գործվածքների ստեղծման նոր միջոց՝ նախքան դրանք թելի վերածվելը, բույսերի բաղադրամասերը, սերմերը հյուսվում են մանրաթելերի մեջ: Այս տեխնոլոգիան դիզայներից պահանջել է մի քանի տարի ուսումնասիրել բուսաբանություն, կենսաբանություն և քիմիա: Տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման հարցում Վարդուհուն խորհրդատվություն են մատուցում աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ Երբ գալիս է այս յուրահատուկ հագուստներին հրաժեշտ տալու ժամանակը, այն կարելի է լցնել օրգանական պարարտանյութի մեջ կամ թաղել հողում, և որոշ ժամանակ անց մանրաթելերում առկա սերմերը կծլեն։
Վարդուհի Նազարյանի բոլոր հավաքածուներն առանձնանում են բնական տեսքի և գաղափարական առումով խորը ոճային համադրությամբ, նրա դիզայներական արվեստի առանձնահատկություններն են ինքնատիպ բանաստեղծական մինիմալիզմը, գրաֆիկական, նույնիսկ ճարտարապետական արտահայտչականությունը և բազմիմաստությունը: Դիզայների ոգեշնչման հիմնական աղբյուրներից է միջնադարյան հայկական ճարտարապետությունը։
Վարդուհի Նազարյանն ավարտել է Մոսկվայի Դիզայնի և տեխնոլոգիայի համալսարանի զգեստների ձևավորման ֆակուլտետը: 2006-ի դեկտեմբերին Վարդուհին ներկայացնում է իր դեբյուտային Ink and Paper հավաքածուն, որից մեկ տարի անց ծնվում է Vardoui Nazarian բրենդը: Նրա առաջին անկախ հավաքածուն ցուցադրվել է նույն թվականին, Մոսկվայի Ritz Carlton հյուրանոցում։ Այնուհետև նա մասնակցել է հեղինակավոր «Ռուսական սիլուետ» մրցույթին (2006), որտեղ ստացել է հինգ մրցանակ՝ այդ թվում Ռուսաստանի դիզայներների միության դիպլոմը իր Purple Pomegranates հավաքածուի համար և Cosmos-Zoloto ընկերության դրամաշնորհը: Կաննում կայացած Ռուսական արվեստի փառատոնի դափնեկիր է (2007), որտեղ ներկայացրել է մի քանի զգեստներ 2008-ի «Միջնադարյան մշուշ» գարուն-ամառ հավաքածուից։ Այնուհետև Vogue-ի նկարահանումներից մեկում (2008) հայտնվեց Վարդուհու հեղինակած սպիտակ օրգանզայից բլուզը՝ կրծքին մեծ խաչով: 2009-ին կայացավ նրա դեբյուտը Cycles & Seasons by MasterCard նորաձևության փառատոնում 2009-10 աշուն-ձմեռ հավաքածուով, որից հետո դիզայները դարձավ փառատոնի մշտական մասնակիցը: 2013-ին նա հրավիրվել է մասնակցելու Փարիզի Fashion Next ցուցադրությանը՝ W Hotel Paris-ում ցուցադրելով 2013-14 աշուն-ձմեռ սեզոնի հավաքածուն: Այդ շնորհանդեսին ներկա էին նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը: 2023-ին Փարիզի «Էբերտո» թատրոնում (Theâtre Hebertot), Ռենատա Լիտվինովայի «Կակտուս» մոնոներկայացման մեջ Balenciaga Haute–Couture 2022-ի հավաքածուների կոստյումների կողքին գլխավոր դերակատարություն ուներ նաև Vardoui Nazarian բրենդի ստեղծած «Կակտուս»-ի կոստյումը:
Նորաձևությունից զատ Վարդուհի Նազարյանն իրականացնում է տարբեր մշակութային ծրագրեր: Նրա վերջին նշանակալից նախագծերից է աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ՝ musicAeterna-ի չորս երաժշտախմբերի հայաստանյան առաջին հյուրախաղերը, որոնք ուղղակի ցնցեցին հայ հանդիսատեսին: