ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցի ընթացքում այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագրի առնչությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը։
Կորեայի Հանրապետության արտգործնախարար Չո Թhե Յոլը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են, որ ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն, իբր, սպառնալիք է ներկայացնում իրենց պետությունների անվտանգության համար։
«Կողմերը կարծում են, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի միջոցով Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական ու տնտեսական համագործակցության ամրապնդումը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու և տարածաշրջանի խաղաղության ու կայունության, ինչպես նաև Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի անվտանգության նամար», - Կորեայի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնում «ակտիվորեն քննարկում են» զանազան տարբերակներ՝ արձագանքելու «Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից մոլորակի և Կորեական թերակղզու խաղաղությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքներին»։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան նույնպես անհանգստություն է հայտնել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի առնչությամբ: Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ նախարարն ասել է, որ դա վնասում է տարածաշրջանի իրադրությանն անվտանգության ոլորտում, «որը լուրջ մտահոգություն է առաջացնում»։
Ըստ արտգործնախարարի՝ Տոկիոն հետևելու է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունների զարգացմանը, որը «կարող է ազդել Ճապոնիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վրա»:
Հունիսի 19-ին ՌԴ-ն և ԿԺԴՀ-ն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ենթադրում է պաշտպանական պատերազմի դեպքում ռազմական օգնության անհապաղ տրամադրում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր համաձայնագիրը Հարավային Կորեայի անվտանգության համար անհանգստության պատճառ չի հանդիսանում: