Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համելտ Գևորգյանը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի երկարամյա գլխավոր գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից: 

Համլետ Գևորգյանը մեծ ավանդ ունի հայ փիլիսոփայական մտքի զարգացման և երիտասարդ կադրերի պատրաստման գործում։

Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ․՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնա­ծուական ատենախոսություն` «Աբստրակցիայի դերը իմացու­թյան մեջ» թեմայով: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատե­նախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրա­պարակումների թեզերը: 1972թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Համլետ Գևորգյանը  1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսո­փայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Եղել է ինստիտուտի փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփա­յության, ժամանակակից փիլիսոփայության, տեսական փիլիսոփա­յության գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980թթ․ համա­տեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն, տրամաբանու­թյուն: 1992-1996թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենը: 

Համլետ Գևորգյանի գիտական աշխատությունները հրատարակվել են  հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսո­փայական տեսանկյուններին։

 Լայն ճանաչում են գտել Համլետ Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ Դրանց հարում է գիտական հիպոթեզի մասին նրա աշխատությունների շարքը («Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ» ԳԱ հրատ. 1959, «Ժամանակակից մեթո­դաբանական վեճերը և գիտական հիպոթեզի պրոբլեմը» 1984, և այլն), որոնցում հիպոթեզի պրոբլեմն աղերսված է գիտելիքի զար­գացման ժամանակակից տեսությունների հետ։

Համլետ Գևորգյանը մշակել է տրամաբանական-մեթոդաբանական հետազոտությունների ծրագիր, որի տեսական հիմնավորումը հավանության է արժանացել Երևանում կազմակերպված Համամիութենական (1972) և Անդրկովկասյան (1974) սիմպոզիումներում։ Այն իրագործված է Համլետ Գևորգյանի խմբագրությամբ լույս ընծայված «Գիտական գիտելիքի տրա­մաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» կոլեկ­տիվ աշխատության երեք պրակներում (1969, 1971, 1974), «Փիլիսո­փա­յությունը և գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովա­ծուում (1977), որոնց աշխատակցել են տրամաբանության, մեթոդա­բա­նու­թյան, իմացաբանության հեղինակավոր ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից։ 

Համլետ Գևորգյանը 1994թ․ Վ. Բաղդասարյանի համահեղինակությամբ գրել է «Տրամաբանություն» դասագիրքը ավագ դպրոցի համար։

«Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» գրքում (1987) նա ի հայտ է բերել պատմամշակութային գործոնների ազդեցու­թյունը գիտական գիտելիքի նաև ներքին իմացաբանական բնութա­գծերի վրա, վերլուծել է 20-րդ դարի այն հիմնական փիլիսոփայական ուսմունքները, որոնցում վերանայվում են գիտության փիլիսոփայության դասական ըմբռնումները և տարբեր տեսանկյուններից հիմ­նա­վորել է պատմամշակութային մոտեցումը։ Այս հարցադրում­ների հանգուցակետում գտնվում է պատմական վերակազմության մեթոդի պրոբլեմը, որի վերաբերյալ Համլետ Գևորգյանի նախաձեռնու­թյամբ գրվել և նրա խմբագրությամբ հրատարակվել է կոլեկտիվ աշխատություն՝ «Պատմական վերակազմության մեթոդը գիտության պատմության մեջ» (1990)։

«Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկ­յու­նից» գրքում (1992) և մի ամբողջ շարք այլ հրապարակումներում Համլետ Գևորգյանն արծարծել է հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները, ուրույն մեկնաբանություն է տվել մշակույթի տեսության հարցերին և դրանք մասնավորեցրել հայկական մշակույթի և հայոց պատմության նկատմամբ։ 

Համլետ Գևորգյանի գիտաթեմատիկ խմբի ուժերով և նրա խմբա­գրությամբ 1994թ․ հրատարակվել է «Փիլիսոփայություն, գիտություն, հումա­նիս­տիկա. մշակույթի միասնության իդեալի որոնումները երկու դարերի սահմանագլխին» ժողովածուն, իսկ 1995թ. նա ինստի­տու­տում կազմակերպել սիմպոզիում՝ նվիրված մշակույթների երկխոսու­թյանը, նախաձեռնել և հրատարակել ժողովածու՝ «Մշակույթ­ների հանդիպումը. դիմաբախումից՝ երկխոսություն» վերնագրով։

Համլետ Գևորգյանը Հայկական հանրագիտարանի հա­մար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության և տրամա­բա­նության հանգուցային հարցերի, կատեգորիաների, փիլիսոփայա­կան ուղղությունների, փիլիսոփայության և տրամաբանության նշա­նա­վոր դեմքերի մասին։ Նա եղել է հանրագիտարանի փիլիսոփայու­թյան գիտաճյուղային խորհրդի անդամ և նախագահի տեղակալը։ Եղել է Տերմինաբանական կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի սահմա­նադրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Լեզվի պետական տեսչության Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ։

Նա խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ, այդ թվում՝ նորագույն և ժամանակակից փիլիսոփայու­թյան պատմության բուհական երկու դասագրքերի թարգմանությունը։ Պատրաստել է գիտության թեկնածուներ և դոկտորներ։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը ցավակցում են Համլետ Գևորգյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, աշակերտների հոգիներում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունը բարձր կգնահատվի գալիք սերունդների կողմից։

 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա