Մշակույթ

Նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց նրան նվիրված երկու նամականիշ

6 րոպեի ընթերցում

Նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց նրան նվիրված երկու նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական կինոյի վարպետներից մեկի՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանի առթիվ հունիսի 18-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային: 

Մարման արարողությունն իրականացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և Վալենտին Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոցում:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998թթ.) «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է «Իմ մեղքը» կտավը (1983թ.): Նամականիշների վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշները տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը՝ ընդհանուր 20 հազար օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Ասյա Պոդպոմոգովան նկարչի հետ ապրել է 1990 թվականից մինչև նրա կյանքի վերջը: Նա նկարչի արվեստանոց-տան պահապանն է: Արվեստանոցում պահպանվում են Պոդպոմոգովի՝ տարբեր տարիներին ստեղծած կտավներ, քանդակներ և այլ աշխատանքներ, ինչպես նաև նրա հետաքրքիր իրերը:

Արվեստանոց մտնելիս անհնար է ուշադրություն չդարձնել «Նոստալգիա» կտավին: «Պոդպոմոգովը հիսուն տարեկանում է սկսում գեղանկարչությամբ զբաղվել: «Նոստալգիա»-ն նրա առաջին գեղանկարն է, որ նկարել է 1974 թվականին: Երբ նրան հարցրել են, թե գեղանկարչության որ ուղղությանն է հարում, պատասխանել է՝ սիմվոլիստ է: «Նոստալգիա նկարում շիմպանզե է պատկերել, որի մի ձեռքում դափնու տերևներն են, մյուս ձեռքում երկրագնդի մոդելն է, մի հատվածում գրված են մարդու իրավունքները, բայց շիմպանզեն շղթայված է ու փակի տակ է: Այդ տարիներին նման թեմայով նկարելը խնդրահարույց էր: Երբ Պոդպոմոգովին հարցնում էին, թե ինչու իր դիմանկարը չի նկարում, նա պատասխանում էր, որ «Նոստալգիա»-ն իր դիմանկարն է»,-պատմեց Ասյա Պոդպոմոգովան:

Մեկ այլ ուշագրավ աշխատանք է «Մեա կուլպա» (իմ մեղքը) կտավը, որն արդիական է  մինչ օրս:  Նկարիչն այն նկարել է 1983 թվականին, երբ սառը պատերազմ էր, և Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն ակնհայտ էր: «Այս կտավում նա  շինությունների տեսքով ներկայացրել է այն ամենը, ինչ մարդը ստեղծել է քաղաքակրթության ընթացքում. այստեղ մայաների մշակույթն է, Եգիպտոսն է,  եվրոպական մշակույթն է, ժամանակակից երկնաքերերն են: Պոդպոմոգովը կարծել է՝ եթե պատերազմ լինի, ապա այն կլինի ատոմային ռումբի կիրառմամբ, ինչի պարագայում մարդկությունը կվերանա և այն, ինչ ստեղծել է, կմնա առնետներին: Ինչո՞ւ «Մեա կուլպա», որովհետև եթե նման բան կատարվի, ապա ինքը դրանում իր մեղքի բաժինը կունենա, քանի որ չի արել այն, ինչ կարող էր, որ նման բան տեղի չունենա: Դա վերաբերում է յուրաքանչյուր մարդու»,-ընդգծեց նկարչի այրին և հավելեց՝ նկարում  Պոդպոմոգովը Զվարթնոցը պատկերել է ամպի վրա՝ հույսով, որ արհավիրքն իր տանը չի հասնի ու հնարավոր կլինի փրկել երկրագունդը:

Տիկնոջ խոսքով՝ Վալենտին Պոդպոմոգովը միշտ աշխատում էր և կյանքի վերջին տարիներին ցանկացել է կրկին վերադառնալ մուլտիպլիկացիոն արվեստին, նույնիսկ սցենար է ունեցել: Նա անավարտ գործեր ևս ունի, սակայն վերջին աշխատանքը, որ ավարտել է, կոչվում է «Վերջին մղոնը»:

Ասյա Պոդպոմոգովան հույս ունի, որ մի օր արվեստանոցը կվերածվի թանգարանի:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մեծ պատիվ է համարում նման միջոցառմանը մասնակցելը: «Տարին հոբելյանական է, և մենք մեծ վարպետին արժևորելու նպատակով տարբեր միջոցառումներ ենք իրականացրել: Ապրիլի 29-ին Կինոյի տանը նրան նվիրված հետաքրքիր երեկո անցկացվեց, իսկ ավելի վաղ Ազնավուրի հրապարակում «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում բացվել էր նրա աստղը: Առավել հետաքրքիր միջոցառումներ ևս կլինեն»,-նշեց նա:

Պոդպոմոգովի ուրույն հեղինակային ձեռագիրը արտահայտվել է նաև խաղարկային ու մուլտիպլիկացիոն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կախարդական գորգ»-ը, «Մի կաթիլ մեղր»-ը, «Փարվանա»-ն, «Պույ-պույ մկնիկը», «Լուր դա լուր»-ը, որպես բեմադրող նկարիչ՝ «Առաջին սիրո երգը», «01-99»-ը և այլն:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում