Հայաստան

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք. փոխվարչապետ

3 րոպեի ընթերցում

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ  100 իրավաբանական անձինք․  իրավաբանական այն անձինք, որոնք թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, ավելի արագ կարող են լուծումներ ստանալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խմբավորել են երկու ուղղություն։ Առաջինը ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ուղղությունն է, իսկ երկրորդը՝ իրավաբանական անձանց մասով է: Իրավաբանական անձինք որքան թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, այնքան ավելի արագ կարող են լուծումներ ստանալ: Կան նաև գրանցում ունեցող և ինքնակամ կառույցներ: 

«Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները, որոնք օրինական, գրանցված իրավունքներ են ունեցել այդ կառույցների նկատմամբ, հետևողական են եղել օրենքի պահանջները կատարելու հարցում»,–ասաց Խաչատրյանը: 

Հաջորդ շաբաթ աղետի գոտի կգործուղվեն աշխատանքային խմբեր: 

«Կան իրավաբանական շուրջ 100 անձինք, որոնք տարբեր աստիճանի վնասներ են կրել: Բայց, իհարկե, գործունեության տեսակներն էլ են առանձնահատուկ: Եվ ելակետային տվյալները, որոնք պետք է հստակեցվեն, որոշակի ազդեցություն կունենան մեր որոշումների վրա: Ունենք 250 տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք իրենց անձնական գույքային վնասներն են արձանագրել: Համայնքային և մարզային հանձնաժողովները բավականաչափ  լրացված տվյալներ փոխանցել են մեզ, սակայն կա որոշակի լրացման կարիք»,–ասաց Խաչատրյանը: 

Նա նաև հավելեց, որ օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ, ոչ միշտ են այնտեղ, որ անհրաժեշտ չափագրման աշխատանքները հնարավոր լինեն: Բացի այդ՝ քանի դեռ ամբողջությամբ չեն չորացել այդ տարածքները, որոշակի շենքերի վերջնական վիճակը գնահատելու եզրակացության հարցում պետությունը շատ արագ չի կարող լինել: 

Սակայն փոխվարչապետը վստահեցրեց, որ աշխատում են այդ հարցերով, հաջորդ շաբաթվա ավարտին նախնական որոշակի պատկեր կլինի: 

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում