Պետական տվյալները կպահվեն վիրտուալ տիրույթում. Հայաստանը որդեգրում է «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը կտեղադրեն ամպային տիրույթում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին հարցն ընդունվեց կառավարության հունիսի 14-ի նիստում:

 «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար»,–ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը:

Ներկայում պետական իշխանության մարմինները Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ իրականացնում են տվյալների քարտեզագրում: «Տվյալների դասակարգման արդյունքները նպաստելու են, որ կառավարությունը հնարավորություն ունենա գնահատել տվյալների առկա պաշարն ու կառուցվածքը, նույնականացնել տվյալների պաշտպանության ու պահպանության մոտեցումները: Նախագծով առաջարկվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում»,-ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս որոշմամբ կառավարությունը հայտարարում է, որ ՀՀ-ն որդեգրում է Cloud first, այսինքն՝ «Ամպայինն առաջինը» քաղաքականություն: 

«Սա նշանակում է, որ մենք մեր պետական տվյալները պետք է պահենք վիրտուալ տիրույթում: Եթե չունենք հիմնավորում, թե ինչու այդ տվյալը չպետք է պահենք վիրտուալ տարածքում, այդ տվյալը մենք չենք պահելու, այսպես ասած, ֆիզիկական տարածքում: Առաջինը՝ ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Նախկինում մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանականերով էին պահվում, հետագայում, երբ համակարգչային տեխնոլոգիաները մեզ հասանելի դարձան, սկսեցին համակարգիչների մեջ պահվել, սակայն հետո այդ համակարգիչների կրիչ սարքերի և այլնի թիվը սկսեց մեծանալ: Եվ դա կապված է մեծ ծախսերի հետ»,-ասաց Փաշինյանը: 

Նա հավելեց՝ հիմա առաջարկվողն աշխարհում ընդունված ծառայություն է, վիրտուալ տարածքում առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել: Իհարկե, կան նաև որոշակի կիբեռ ռիսկեր: Բայց, ըստ վարչապետի, աշխարհն այսօր այդ կիբեռ ռիսկերը հասցեագրում և հասցեագրել է: 

«Այդ տվյալներն ամպային տիրույթում պահելով՝ մենք ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, երկրորդը՝ կնվազեցնենք այդ տեղեկությունների վնասվելու, կորելու, ոչնչանալու հավանականությունը, այդ տվյալների օգտագործելիության օպերատիվությունն ու մատչելիությունը կմեծացնենք և ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերենք մեր տվյալների կառավարման նկատմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործընթացի հեռահար նպատակներից մեկը անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենալն է:

Անդրադառնալով մտավախությանը, թե Հայաստանն իր տեղեկատվությունը դնում է ուրիշի սերվերի վրա՝ վարչապետը վստահեցրեց. «Այդ տվյալի տերը շարունակում ենք մնալ մենք, տվյալին հասանելիություն կարող ենք ունենալ միայն մենք»: 

Հայերեն Русский

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը