Հայաստան

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

Հայաստանի խաղային ոլորտի կարգավորման օպերատորը համապատասխան մրցույթի արդյունքնում կդառնա Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը, որը գործունեություն է ծավալում նաև Վրաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։

Նախագծի զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով մի շարք բարեփոխումներ էին նախատեսվել, որոնց թվին էին դասվում նոր վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո։

Էդուրդ Հակոբյանի խոսքով՝ այս օրենքից հետո համապատասխան կերպով անցկացվել է մրցույթ, որին հայտ են ներկայացրել մասնակցել 3 օտարերկրյա կազմակերպություն։

«Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ և նույնանման գործունեություն է իրականացնում հարևան Վրաստանում՝ հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ Կոմիտեն նպատակ ունի այս ընկերության հետ ստեղծել ժամանակակից և արդյունավետ թվային մեխանիզմներ և վերահսկողության գործիքակազմ։

Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է որոշման ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը։

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում