ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին․ Հայաստանի իշխանությունը կորոշի, թե երբ է դուրս գալու Հավաքական անվտանգության կազմակերպությունից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, որը, հիշեցնելով ավելի վաղ վարչապետի արած հայտարարությունը ՀԱՊԿ-ի մասին, խնդրեց հստակեցնել՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս ՀԱՊԿ-ից, թե՞ դուրս չի գալիս։
«Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Եվ ես ասացի, որ մենք կորոշենք, թե երբ ենք դուրս գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ-ի հետ կապված վարչապետի հայտարարությանն անդրադարձել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
«Կարճ հարց, որն առաջացավ տելագրամյան մի գրառումից, որը հավանաբար ֆինանսավորվում է Կրեմլի կողմի․ դա մեծ լսարան ունեցող էջ է, որը կա՛մ սխալ թարգմանության, կա՛մ միտումնաբար հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել ՀԱՊԿ-ից դուրս գալ: Հավանաբար այս նիստի խոսակցությունը սխալ թարգմանությամբ է տեղ հասել, խնդրում եմ սա հաստատել»,- հարցրել էր պատգամավորը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանն ասել էր․ «Հարգելի՛ տիկին Ղազարյան, բարեբախտաբար նիստը տեսագրվում է և ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է այդ ձայնագրությունը նայել և ստուգել՝ ով ինչ է ասել: Այն ձևակերպումը, որը Դուք մեջբերեցիք առնվազն չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, Հայաստանի Հանրապետության վարչեպետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել, ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որևէ մեկը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է: Կրկնում եմ նորից. վարչապետն ասել է՝ մենք կորոշենք, երբ դուրս գանք, բայց հետ չենք գնալու»։