Հաշտարարության հմտություններ և մեթոդներ. խորքային մոտեցում հաշտարարների հմտությունների բարձրացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հունիսի 10-11-ը տեղի է ունեցել հաշտարարության հմտությունների և մեթոդների զարգացման նպատակով երկօրյա դասընթաց, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) կողմից: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցների կարողությունների զարգացումն էր։

Միջոցառումը կազմակերպվել էր 2015 թվականին որակավորված հաշտարարների համար՝ նրանց գիտելիքները և փորձը թարմացնելու, ինչպես նաև նոր վկայագրեր տրամադրելու նպատակով: Միջոցառման նպատակն էր ապահովել մասնակիցների շարունակական կրթությունը և նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ բարձրացնելով հաշտարարական գործընթացների արդյունավետությունը և որակը: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանն իր խոսքում նշել է.

«Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հաշտարարները կարող են շարունակաբար զարգանալ և կատարելագործվել: Այս դասընթացը մեզ հնարավորություն է տալիս կիսել գիտելիքներ և փորձառություններ, որոնք կնպաստեն հաշտարարության մշակույթի զարգացմանը Հայաստանում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ նոր էջ են բացում հաշտարարության զարգացման և տարածման գործում»։

Բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով կարևորելով վերապատրաստման ծրագիրը, նշել է.

«Նմանաբնույթ միջոցառումներն ու վերապատրաստումները, հատկապես, կարևոր են ոլորտի զարգացումներից անմասն չմնալու համար, քանի որ հնարավորություն են տալիս գործող հաշտարարներին թարմացնելու իրենց գիտելիքներն ու շարունակելու իրենց գործունեությունը ոլորտում՝ որպես հաշտարար»։

Սեմինարը վարել է միջազգային փորձագետ-հաշտարար Կորրադո Մորան, ով ունի տարիների փորձ հաշտարարության ոլորտում: Նա բազմիցս մասնակցել է միջազգային համաժողովների և դասընթացների, ինչպես նաև ուսուցանել է հաշտարարության մեթոդները տարբեր երկրներում: Մորայի փորձառությունը և մոտեցումները հաշտարարության բնագավառում բարձր են գնահատվում, և այս սեմինարը ևս մեկ հնարավորություն էր փորձի փոխանակման համար։

«Դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին խորացնել իրենց հմտությունները և ստանալ գործնական փորձ՝ հաշտարարության գործընթացում հաջողության հասնելու համար։ Մեր նպատակն է ապահովել հաշտարարների շարունակական կրթությունը և զարգացման հնարավորությունները», - ասել է Կորրադո Մորան:

Բանակցությունների փուլում, ինչպես իր խոսքում կարևորել է Կորրադո Մորան, հաշտարարը պետք է օգնի կողմերին ձևավորել համաձայնության պայմանները, գնահատել ռիսկերը և հաղթահարել փակուղիները։

Դասընթացի ընթացքում Կորրադո Մորան ուշադրություն է դարձրել նաև հույզերի կառավարման կարևորությանը, հաղորդակցությանը և ուշադրության կենտրոնացմանը՝ ընդգծելով, որ դրանք կարևոր են հաշտարարության գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Հաշտարարության հմտությունների ուսուցումը նպաստում է մասնակիցների պրոֆեսիոնալիզմի զարգացմանը և հաշտարարական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Մասնակիցներն ուղղել են իրենց հարցերն ու դերախաղերի միջոցով ամրապնդել իրենց հմտությունները։

Ծրագիրը եզրափակվել է հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ։

Հաշտարարությունը վեճերի լուծման արտադատական, այլընտրանքային եղանակ է, որն ուղղված է վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն։ Վեճերի լուծման այս եղանակն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով, որոնցից են գործընթացի կամավոր և համագործակցային բնույթը, ճկունությունը, գաղտնիությունը, արագությունը և ծախսարդյունավետությունը։

Հայերեն