Քաղաքականություն

Տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիա, համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի օրակարգը

3 րոպեի ընթերցում

Տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիա, համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկվելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի մեկնարկին ունեցած ելույթում Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱՄՆ գործընկերների հետ քննարկելու են կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից, մինչև պաշտպանական ոլորտի համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ։

«Մենք արդյունավետ համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ներքո՝ համապատասխան հանդիպումներ ունենալով 2023 թվականի ընթացքում։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների դինամիկան՝ հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը։ Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում և առևտրի հետագա ազատականացման նպատակով, ինչը կարող է ավելի մեծ բարգավաճում, տնտեսության զարգացման և ավելի դիմակայուն դառնալու նոր հնարավորություններ տալ Հայաստանին։

Ես վստահ եմ, որ կան լրացուցիչ մեխանիզմներ և արդյունավետ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, և մենք կքննարկենք, թե ինչպես դրանք լավագույնս օգտագործել»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ ներկայիս մարտահրավերների համատեքստում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիան օրակարգի կարևոր բաղադրիչ է, և կողմերը կքննարկեն արդեն կատարված աշխատանքը, կդիտարկեն հեռանկարները միջուկային էներգիայի և վերականգնվող աղբյուրների ոլորտներում։

«Պաշտպանական համագործակցության մասով գոհունակությամբ պետք է փաստեմ 2023 թվականի «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը։ Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա Նաև ընդգծեց արդարադատության ոլորտի և հանրային կառավարման բարեփոխումները և Հայաստանի հանձնառությունն՝ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ուղղված են քաղաքացիների համար ավելի ամուր, ապահով և առաջադեմ միջավայրի կառուցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում