Ինովացիա

Մեկնարկել է հայրենական երկրորդ արբանյակի հետազոտական փուլը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

6 րոպեի ընթերցում

Մեկնարկել է հայրենական երկրորդ արբանյակի հետազոտական փուլը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բազումք» տիեզերական լաբորատորիան աշխատում է հայրենական երկրորդ արբանյակի վրա: Առաջինի՝ CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) «Հայասաթ-1» արբանյակի համեմատ, երկրորդը կլինի չափերով 6 անգամ մեծ և կունենա տեսախցիկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը հունիսի 7-ին Ինժեներական քաղաքում տեղակայված Գիտության և տեխնիկայի թանգարանում, որտեղ հանդիսավոր արարողությամբ բացվեց թանգարանի նոր ցուցադրությունը՝ նվիրված «Հայասաթ-1»-ին:

«Արդեն աշխատում ենք երկրորդ արբանյակի վրա: Աշխատանքները կտևեն մոտ 2.5-3 տարի: Այն լինելու է ավելի մեծ և իր բարդ գործիքներով ապահովելու է ավելի լուրջ ֆունկցիոնալություն։ Եթե առաջին արբանյակի դեպքում հիմնական նպատակն էր արբանյակի ստեղծման և արձակման բոլոր փուլերով բարեհաջող անցնել և այն տիեզերք հասցնել աշխատունակ վիճակում, ապա երկրորդի դեպքում հիմնական աշխատանքները սկսվելու են, երբ այն արդեն ուղեծրում կլինի»,- տեղեկացրեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս անգամ իրենց առաջ երկու խնդիր են դրել. ձեռք բերել ուղեծրում օպտիկական սարքավորումների հետ աշխատելու գիտելիքներ և փորձ, որովհետև դրանք բարձր ճշգրտություն են պահանջում լուսանկարահանման համար։ Երկրորդ նպատակը արբանյակի հայկական արտադրության կոմպոնենտների փորձարկումն է տիեզերքում:

Մշակել ենք «Հայասաթ» ծրագիրը, որի շրջանակներում ձգտելու ենք ամեն մի նոր արբանյակով ավելի շատ հայկական կոմպոնենտներ թռցնել տիեզերք, փորձարկել, համոզվել, որ դրանք աշխատում են և լավ համագործակցում իրար հետ: Կլինի մերը, պետական, թե՛ այլ երկրների պատվերներ, արդեն մեր ստեղծած կոմպոնենտները կլինեն մեզ քաջ ծանոթ, մրցունակ ու կկարողանան փոխարինել այն կոմպոնենտներին, որոնք գնում ենք այլ երկրներից»,- ասաց մասնագետը:

Նա կարծիք հայտնեց, որ արբանյակը պատրաստ կլինի թռիչքի 2026 թվականի վերջին:

Նշենք, որ թանգարանում «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացմանը ներկա էին Ինժեներական քաղաքի ղեկավարությունը, «Հայասաթ» թիմի անդամները, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա և Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամների ղեկավար կազմը, հիմնադիրներն ու հոգաբարձուները, աշակերտներ և ուսանողներ, ինչպես նաև հրավիրված պաշտոնյաներ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Երբ Ազգային ժողովում «Տիեզերական գործունեության մասին» օրենքն էինք ներկայացնում, տարբեր շրջանակներում ժպիտներ էին առաջանում, թե Հայաստանը ինչ կապ ունի տիեզերքի հետ, ոլորտի վերաբերյալ թյուրընկալում կար: Մենք հավատում էինք, որ ունենալու ենք նոր նվաճումներ․ սկզբում արբանյակի թողարկում Իսպանիայի գործընկերների հետ, հետո արդեն Հայաստանում, հայկական լաբորատորիաներում մշակված արբանյակի թողարկումը բոլոր թերահավատներին, կասկածամիտներին նոր շունչ տվեց: Ես ուրախ եմ, որ մենք ներկա ենք գտնվում Հայաստանում մշակված արբանյակի ներկայացմանը թանգարանում և հույս ունեմ, որ բազմաթիվ այլ ցուցանմուշների ականատեսը կդառնանք: Ես կարծում եմ, որ դժվար է թերագնահատել այն ձեռքբերումները, որոնց հասել ենք: Լիահույս եմ, որ ավելի լուրջ ու շատ համակարգեր ներգրավող, ավելի մեծ մասշտաբի նախագծեր կտեսնենք: Պետությունն իր վարած քաղաքականությամբ, գիտությանը հատկացվող միջոցներով և ուշադրությամբ ձեր կողքին կանգնած է»,- իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Տիեզերական լաբորատորիայի համահիմնադիր և տնօրեն Ավետիք Գրիգորյանն էլ ներկաներին տեղեկացրեց՝ «Հայասաթ-1» արբանյակն անցել է ձայնային ազդանշանի ռեժիմի և հաջողությամբ տիեզերքից հեռարձակում է Կոմիտասի «Կաքավիկ» մեղեդին, որն այժմ ընդունում և լսում են աշխարհի տարբեր ռադիոսիրողներ։ Հենց թանգարանում՝ «Հայասաթ-1»-ի մակետի ցուցադրության հատվածում, հնարավոր է սկանավորել տեղարդված QR կոդը և լսել տիեզերքից հնչող Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Տաղավարում ներկայացված է հայրենական առաջին արբանյակի ստեղծման պատմությունը, հեռարձակվող ազդանշանները, արբանյակի ստեղծմանը մասնակցած մասնագետների լուսանկարները և այլն:

Թանգարանի տնօրեն Ժիրայր Սևոյանն էլ նշեց՝ նմուշը շարունակում է տիեզերքի ոլորտում հայ մասնագետների նախկինում ձեռք բերված ձեռքբերումները:

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից: Այն տիեզերք է դուրս բերվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին:

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում