Հայկական Web3 Compass-ը GIST ծրագրի մրցանակին է արժանացել
2 րոպեի ընթերցում
![Հայկական Web3 Compass-ը GIST ծրագրի մրցանակին է արժանացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138732.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում web3 համակարգով աշխատող միակ և առաջին որոնողական համակարգը՝ հայկական Web3 Compass ստարտափը Վրաստանում արժանացել է Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով (GIST) ծրագրի մրցանակին և ստացել 4000 դոլար։
«Հաղթանակին չէինք սպասում, որովհետև՝ որպես Web3-ի պրոդուկտ, շատ առանձնահատուկ ենք: Մնացած բոլոր պրոդուկտների հաղթանակն ավելի հավանական էր թվում՝ ոլորտով պայմանավորված: Տեղի մասնագետներն ընդգծեցին՝ նրանց դիտարկմամբ մեր պրոդուկտը հեռանկարային է և զարգանալու մեծ պոտենցիալ ունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ստարտափի մարքեթինգի ղեկավար Մետաքսե Ղամբարյանը:
Ընկերությունից տեղեկացրին՝ գումարը 3 ուղղությամբ են օգտագործելու: Մի մասը տեխնիկական զարգացման վրա են ծախսելու, մնացածը՝ մարքեթինգի և երկրից դուրս տարբեր հարթակներում ներկայանալու: Առաջիկայում մասնակցելու ենք նաև Sevan Startup Summit-ին, DigiTec-ին և այլ նմանատիպ միջոցառումների:
W3C-ը Web3 որոնման համակարգ է: Կարելի է ասել, որ այն նույնն է, ինչ ժամանակին Google-ը՝ Web2-ի համար: Նորարարական այս որոնողական համակարգը բոլորովին նոր խոսք է ոլորտում:
Ութշաբաթյա ծրագրին մասնակցել են երկու տասնյակից ավելի թիմ՝ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:
Web3 Compass-ը Հայաստանից ներկայացված միակ նախագիծն է, որը մրցանակի է արժանացել: Այն ստեղծել է հայկական Blockstars.tech ընկերությունը:
GIST ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից:
Կարինե Տերտերյան