Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը. Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը պատրաստ է իր հայ ընկերների հետ միասին ջանքեր գործադրել՝ ստեղծելու նոր հնարավորություններ հումանիտար և մշակութային փոխանակման, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան մրցափուլի բացման միջոցառման ընթացքում։
Արարողությանը մասնակցում էին նաև Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան-հիմնադրամի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Երևանի պետական համալսարանի դիվանագիտական ծառայության և հաղորդակցության ամբիոնի վարիչ Սյուզաննա Նավասարդյանը, Հայ-ռուսական համալսարանի Ավագների խորհրդի անդամ, Կոնֆուցիոսի անվան դասարանի ղեկավար Գագիկ Սարգսյանը և այլոք։
Միջոցառման ժամանակ նշվեց, որ վերջին տարիներին Հայաստանում սրընթաց աճում է հետաքրքրությունը չինարենի ուսումնասիրման նկատմամբ։ Այս մրցույթն ի հայտ է բերել բազմաթիվ տաղանդաշատ սովորողների, որոնք հայ-չինական բարեկամական հարաբերությունների արժանի շարունակողներն են։ Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից և ի կատար է ածվում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան-հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից։ Մրցույթին մասնակցում է ընդհանուր թվով 17 մասնակից, որոնց թվում՝ ուսանողներ Բրյուսովի անվան համալսարանից, Երևանի պետական համալսարանից և Հայ-ռուսական համալսարանից ու այլ դպրոցներից և կրթական հաստատություններից։
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ֆան Յոնգն՝ իր գոհունակությունը հայտնելով մրցույթի կազմակերպման և չինարեն լեզվի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրության կապակցությամբ։

«Շատ հաճելի է բոլորիդ հետ միասին վայելել այս գեղեցիկ ամենամյա միջոցառումը, և հուսով եմ, որ բոլոր մասնակիցները կստանան լավ արդյունքներ։ Իր ստեղծման օրվանից «Չինարենի կամուրջ» մրցույթը դարձել է մշակույթի, բարեկամության և հոգու կամուրջ, որը կապում է Չինաստանն աշխարհի մյուս երկրների հետ։ Կարելի է ասել, որ այս մրցույթն արդեն դարձել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից առաջարկված լոկալ քաղաքակրթության նախաձեռնության վառ օրինակը, որը հարգում է քաղաքակրթությունների բազմազանությունը և հավատարիմ է հավասարության, փոխադարձ ուսուցման, երկխոսության և ներառական սկզբունքներին։
Մենք պատրաստ ենք մեր հայ ընկերների հետ միասին ջանքեր գործադրել՝ ստեղծելու նոր հնարավորություններ հումանիտար և մշակութային փոխանակման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ոլորտներում՝ նպաստելով մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դեսպանն՝ ընդգծելով, որ Չինաստանը և Հայաստանը հարուստ պատմություն ունեցող հին քաղաքակրթություններ են, և երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը գալիս է դարերի խորքից։
Դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները պահպանել են կայուն և առողջ զարգացում։ Ընդլայնվել է գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային փոխանակումները դարձել են մեր երկրների միջև համագործակցության կարևոր մի մաս։
«Հատկապես վերջին տարիներին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և երկու երկրների համատեղ ջանքերով Հայաստանում չինարեն լեզվի ուսուցումը զարգանում է արագ տեմպերով։ Հայաստանի շատ դպրոցներում չինարենն արդեն ներառված է պարտադիր ուսումնական ծրագրում և ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ սկսում են ուսումնասիրել չինարենը և ծանոթանալ չինական մշակույթին»,- ասաց դեսպան Յոնգը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում չինարեն լեզուն ուսումնասիրող երիտասարդները կհասկանան «Ուրախ չինարեն» արտահայտության իմաստը և կիրականացնեն իրենց երազանքը՝ սովորել չինարեն՝ առանց իրենց թանկարժեք ժամանակը կորցնելու։
Նա նաև հույս հայտնեց, որ լեզուն սովորողները կձգտեն պահպանել և զարգացնել հայ-չինական ավանդական բարեկամությունը՝ նպաստելով դրանց էլ ավելի զարգացմանը։
Միջոցառմանը մասնակցող ուսանողներին, մրցույթի կազմակերպիչներին բարձրաստիճան հյուրերին ողջունեց նաև Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան-հիմնադրամի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ նշելով, որ կցանկանար, որպեսզի անցկացվող «Չինարենի կամուրջ» մրցույթը լինի ամուր, վստահելի հիմքերով և անսասան։

Դիմելով աշակերտներին, ուսանողներին և դասախոսներին՝ նա նաև նշեց, որ դրա համար պետք է քրտնաջան աշխատանք, քանի որ ընտրված ճանապարհը հեշտ չէ, սակայն լավ ճանապարհ է, որը տանելու է դեպի Չինաստան, դեպի հրաշքների, հզոր մշակույթի, ջերմ և աշխատասեր մարդկանց երկիր։
«Մենք ճախրում ենք հայերեն․ դա մեր մտքում է, մեր սրտի մեջ է, մեր արյան մեջ է և մեզ ուղղակի երջանկություն է պարգևում, բայց պետք է իմանալ նաև այլ լեզուներ, որ հարկ եղած դեպքում կարողանաս նոր բարձունքներ նվաճել և ավելի բարձր ճախրել»,- ասաց Գյուրջինյանն ու հաջողություն և բարձր թռիչքներ մաղթեց մրցույթի մասնակիցներին։