ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։
Նշվում է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։