Տնտեսություն

Վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել և լավարկել պետական ապարատի աշխատանքները․ Արայիկ Հարությունյան

6 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել և լավարկել պետական ապարատի աշխատանքները․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ տարիների օրինակով վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել և լավարկել պետական ապարատի աշխատանքները, արագացնել օպերացիոնալ գործընթացները, հնարավորինս կիրառել թվային գործիքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմը ապահովում է ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման վերահսկողությունը։

«Ուզում եմ անպայման նշել որոշ գործառույթներ, որ աշխատակազմը իրականացնում է, որովհետև շատ հաճախ շփոթ է առաջանում։ Դրանք են՝ մասնագիտական, տեղեկատվական և տեխնիկական աջակցությունը վարչապետին՝ կառավարության ծրագրի մշակման հարցում, կառավարության աշխատակարգին համապատասխան կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակումը՝ նախարարություններից և պետական կառավարման համակարգի այլ մարմիններից ստացված առաջարկների հիման վրա, կառավարության և նախարարական կոմիտեների նիստերի նախապատրաստումը, կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ վարչապետին, փոխվարչապետերին եզրակացությունների, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութերի և առաջարկությունների ներկայացումը, կառավարության, վարչապետի և փոխվարչապետերի իրավական ակտերի նախագծերի մշակման ապահովումը, մեթոդաբանական աջակցության ցուցաբերումը, ռազմավարական ծրագրերի մշակումը և դրանց նկատմամբ մոնիթորինգի իրականացումը և մի շարք այլ գործառույթներ։

Արդյունքներն անցած տարվա, կարծում եմ, ակնհայտ են՝ հատկապես նախագծերի և օրենքների որակի առումով։

Նախորդ քննարկումներից ելնելով և այստեղ բարձրացված մտահոգությունները հաշվի առնելով՝ մենք մեր աշխատանքն այնպես ենք կառուցել, որ հնարավորինս զերծ մնանք հրատապության կարգով Ազգային ժողով նախագծերի ներկայացումից, ինչն ակնհայտորեն երևում է թվերով։ Կարող եք ուսումնասիրել 2022-ի և 2023-ի արտահերթ նիստերի քանակը և համեմատել 2024 թվականի նիստերի հետ և կտեսնեք, որ թվերը գնալով նվազում են»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Հարությունյանը հայտնեց, որ «2023 թվականի պետական բյուջեի» մասին օրենքով ՀՀ վարչապետի աշխատակազմին 11 ծրագրերի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 միլիարդ դրամ, որից 2023 թվականի ծախսերը կազմել են 21,2 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,3 տոկոսը, ինչը համարվում է լավ ցուցանիշ։

«2021 թվականից հետո այս թիվը զգալի փոփոխություն է ունեցել դրական առումով։ Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, տեսչական վերահսկողության և արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրերի կատարողականով։ 2023 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության ծրագրին են փոխանցվել 4 միջոցառում, իսկ «Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ներդրումային և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացմանը» պետական աջակցության միջոցառումը ՀՀ վարչապետի աշխատակազմից փոխանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը»,- ասաց Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց նաև մի շարք միջոցառումների կատարողականը։

«Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման միջոցառումը իրականացվել է 93,4 տոկոսով, պետական հատվածի արդիականացման ծրագիրը՝ 100 տոկոսով, աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին ծրագիրը՝ 91,4 տոկոսով, հանրային իրազեկումը՝99,4 տոկոսով, քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը՝ 67,6 տոկոսով, Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիրը՝ 96,4 տոկոսով, տեսչական վերահսկողության ծրագիրը՝ 95 տոկոսով, արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագիրը՝45 տոկոսով, տոների և հիշատակի օրերի ծրագիրը՝ 100 տոկոսով, ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավվումը՝ 100 տոկոսով, միջազգային դատարաններում միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների ապահովման կատարումը՝95,8 տոկոսով»,- նշեց Հարությունյանը։

Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ իր գլխավորությամբ շարունակել են իրենց պարտավորությունների իրականացումը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում, աշխատակազմի և անձամբ իր համակարգմամբ Հայաստանում անցկացվել են մի շարք մեծ նախագծեր, որոնցից են Համահայկական խաղերի կազմակերպումը, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպումը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովը, որի շուրջ աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։

«Վարչապետի որոշումներով գլխավորել եմ Արամ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյանական հանձնաժողովները»,- եզրափակեց Հարությունյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում