«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,-այս մասին նշեցին ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը:

Նախարարությունից նաև հավելեցին, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

«Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց շարունակականության ապահովումը: Ընկերությունը (խմբ․ Gold Way) իրականացրել է նոր երթուղով բեռնափոխադրում, որը միանշանակ ողջունելի է»,- նշեցին ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ այս կապակցությամբ ընկերությունը միջոցառմանը հրավիրել է ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների:

Բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Սահակյանն իր խոսքում նշեց, որ ընկերությունը երկար փնտրտուքներից հետո կարողացել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում՝ Չինաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումների գործընթաց կազմակերպել։

«Այս բեռը եկել է Չինաստանի Շանհայ քաղաքից, որտեղ մեքենան բեռնվում է, և հասցվում է չինական Խարգոս քաղաք, որը հանդիսանում է Ղազախստանի հետ սահմանային անցումային կետ։ Խարգոսում բեռը վերաբեռնվել է այս ղազախական մեքենայի մեջ, կատարվել են բոլոր մաքսային ձևակերպումները, որից հետո բեռնատարը դուրս է եկել երթուղի։ Բեռնատարը մինչև Երևան է եկել ցամաքային տարբերակով՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Բեռը բոլոր նշված երկրների տարածքներում անցել է համապատասխան մաքսային և անցումային կետերը․ խնդիրներ եղել են, բայց դրանք լուծվել են, և 20-22 օրում այս բեռը Շանհայից հասել է Երևան առանց լուրջ խոչընդոտների»,- տեղեկացրեց նա։

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ուղեբեռը չին-ղազախական սահմանից Հայաստան տեղափոխած բեռնատարի վարորդը, ներկայացնելով անցած ճանապարհն ու կիսվելով իր տպավորություններով, ևս նշեց, որ բեռնափոխադրումը տևել է մոտավորապես 20 օր։

«Իմ անունը Կայրաթ է, ես Ղազախստանից եմ։ Բեռը տեղափոխել եմ Չինաստանից Հայաստան․ սա իմ առաջին ուղևորությունն է դեպի Հայաստան։ Իհարկե, ճանապարհը բավականին երկար է։ Կան ինչպես լավ, այնպես էլ վատ ճանապարհներ։ Հայաստանում ճանապարհներն անցնում են շատ բարձր սարերով և ձորերով։ Չինաստանի հետ Ղազախստանի սահմանից այստեղ եմ հասել մոտ 20 օրում»,- ասաց վարորդը։

Հայերեն العربية فارسی Русский Türkçe 中文

Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հաքերները Binance կրիպտոբորսայից գողացել են 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով