Հատուկ նախագծեր

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ մանկական վախեր

5 րոպեի ընթերցում

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ մանկական վախեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական վախերն առաջանում են տարբեր պատճառներով: Դրանց հետ առաջինն առնչվում են երեխայի ծնողները, ընտանիքի անդամները: Ճիշտ հակազդման, հաղթահարման գրագետ մոտեցումների, լուծման ուղիների, կանխման հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Նաիրա Հարությունյանի հետ:

Ներկայացնելով վախեր առաջացնող պատճառները` մասնագետը նշեց, որ դրանք լինում են իրական կամ իրավիճակային, օրինակ՝ վախ մթությունից, շան հաչոցից առաջացած վախ, մյուս խումբը ներշնչվող վախերն են, որոնց առաջացման գործում իրենց մեծ դերն ունեն մեծահասակները, երբ երեխային վախեցնում են երևակայական, միֆական կերպարներով կամ վախ են առաջացնում, օրինակ, բժշկի նկատմամբ: Վախերի առաջացման երրորդ պատճառը կարող են լինել ընտանեկան, ներանձնային կոնֆլիկտները, անհանդուրժողականությունը: Այս դեպքում առաջանում են ամենաիռացիոնալ վախերը, որոնք որևէ տրամաբանական բացատրության չեն ենթարկվում:

Վախերի մյուս խումբը կարող է առաջանալ նյարդային, պսիխոտիկ խանգարումների կամ ֆիզիկական հիվանդության հիմքի վրա: Դրանք բավական սուր են արտահայտվում, հաճախ խաթարում են երեխայի բնականոն կենսագործունեությունը: Կարող են հանգեցնել քնի և սննդային խանգարումների, կպչուն կամ սևեռուն գործողությունների, ունենալ սոմատիկ դրսևորումներ՝ փսխում, գլխացավ, քթից արյունահոսություն:

Վախերը կենսաբանական հիմք են ունենում, ապա արտահայտվում են դրանց սոցիալական դրսևորումները: Մինչև 8-10 տարեկան վախերը հիմնականում կենսաբանական բնույթի են՝ ինքնապաշտպանական, բնազդների վրա հիմնված:

8D1A1853.JPG (9.46 MB)

«Վախի ամենաառաջին դրսևորումները նկատվում են նորածին տարիքում և, երկրորդը՝ յոթ-ութ ամսականում: Սրանք շատ նորմալ վախեր են, և նույնիսկ ծնողի համար օգտակար է իմանալ՝ երեխայի զարգացումն ընթանում է նորմալ, եթե յոթ ամսականում նա սկսում է զգուշանալ մեծահասակներից, օտարներից. երեխան չի գնում այլ մարդկանց մոտ, միայն գնում է մայրիկի կամ այլ հարազատի մոտ։

Վախերի նույնպիսի դրսևորում է առկա 1-2 տարեկանում:

Երեք տարեկանից սկսած՝ երեխայի երևակայությունը շատ ուժեղ զարգանում է, և այս տարիքում սկսում է ձևավորվել վախերի, կարելի է ասել, «ծաղկեփունջը»՝ վախեր միայնությունից, վախեր մթությունից: Սա շատ հաճախ հանդիպող վախ է և կապվում է մահվան վախի հետ, որովհետև երեխան սկսում է առաջին անգամ առնչվել մահվան երևույթի հետ՝ թռչունի կամ կենդանու մահ է տեսնում, որևէ մարդու, և երեխայի մոտ առաջանում են հարցեր՝ ի՞նչ է մահը: Կամ եթե ինչ-որ մեկը հիվանդանալուց մահանում է, երեխան, սկսում է վախենալ հիվանդանալուց: Այսպես երեխան սկսում է ակամայից վախենալ մահից։

Իսկ թե ինչպես են մեծահասակները հակազդում, երեխայի վախերը կարող են տարբեր վեկտորներ, տարբեր ուղղություններ ստանալ: Հենց այս նույն ժամանակ զարգանում են վախերը մուլտֆիլմերի հերոսներից, երևակայական, հորինված, միֆական ինչ-որ կերպարներից:

Երեխաները սկսում են վախենալ, որովհետև նախ՝ ինֆորմացիա չունեն և երկրորդը՝ բավական վառ են այդ ամենը պատկերացնում, և եթե ծնողը հանկարծ շեշտադրում է այդ վախը՝ երեխայի վարքը կարգավորելու համար, մենք ունենում ենք բավական սուր վախեր:

Դպրոցական տարիքում, ցավոք, ձևավորվում է, այսպես ասած, գրատախտակի, բեմի կամ հանրային ելույթի վախը։ Սրանք ուսումնական վախերն են կամ սոցիալական վախերը՝ վախ քննադատվելուց, վախ գնահատականից, վախ սխալվելուց, վախ ծիծաղի առարկա դառնալուց, վախ առաջինը չլինելուց և այլն: Սրանք բոլորը հիմնականում երեխային տրվում են մեծահասակից, ուսուցիչներից:

Դեռահասության տարիքում իրավիճակն ավելի է խորանում, քանի որ մահվան վախը նորից գլուխ է բարձրացնում: Գումարվում են նաև սոցիալական վախեր՝ ընկերների կողմից ծիծաղի առարկա դառնալու, լավագույնը չլինելու, հակառակ սեռի կողմից չսիրվելու, չգնահատվելու և այլն»,-տարբեր տարիքում վախերի տեսակները մեկնաբանում է մասնագետը:

Հայաստանում երևույթի տարածվածության և հոգեբանին դիմելիության, ծնողներին ճիշտ վարվելակերպի ուղեցույցների, վախերի կանխարգելման հնարավորությունների և այլ հարցերի մասին «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծի շրջանակում Նաիրա Հարությունյանը խոսել է տեսանյութում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում