Հասարակական

ՌԴ-ն շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելու համար․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելու համար․ Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղին, հայտարարել է, որ որպես դաշնակից պետություն՝ ՌԴ-ն միշտ պատրաստ է թիկունք դառնալ ՀՀ-ին՝ ելնելով Երեւանի կարիքներից։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան նշել է, որ ջրհեղեղի հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներին անմիջապես միացել է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցելով անհրաժեշտ սարքավորումներ, ՌԴ ՊՆ-ն պատրաստակամություն է հայտնել ներգրավել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի համապատասխան ուժերը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցը քննարկում են նաեւ Հայաստանում գործող մի շարք ռուսական կապիտալով գործող ընկերություններ, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը։

«Մեր մասնագետները գործուղվել են դեպքի վայր եւ ՀՀ գործընկերների հետ փնտրում են լուծումներ առաջացած ոչ դյուրին խնդիրների համար՝ միտված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Մեկ անգամ եւս ցավակցում ենք աղետի զոհ դարձած քաղաքացիների հարազատներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ-ն շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ջրհեղեղից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում