Հայաստանը՝ տեխնոլոգիական նոր հաբ. Երևանը կրկին կհյուրընկալի WCIT կոնգրեսը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ գլոբալ խաղացողների համար: WCIT 2024 կոնգրեսը տեղի կունենա ԴիջիԹեք Հայաստանի՝ տարածաշրջանում նորարարությանը և տեխնոլոգիաներին նվիրված ամենախոշոր ամենամյա միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում: 2024/DigiTec համաժողովը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումը, կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհային հարթակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահող Շան Սիան և WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը մանրամասներ ներկայացրին հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) վերաբերյալ՝ ընդգծելով, որ միջոցառումը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Խոստացան՝ միջոցառմանը կհյուրընկալեն նույնպիսի մեծանուն դեմքերի, ինչպես 2019 թվականի WCIT-ին:

«Հոկտեմբերը հայաստանյան տեխնոլոգիական կյանքում համարվում է տեխնոլոգիական ամիս: 2024-ին տեխնոլոգիական ամսվա զարդը լինելու է WCIT-ը: Ինչպես գիտեք, Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է իբրև տնտեսության զարգացման կարևորագույն հենասյուն և, դրանով պայմանավորված, մենք կարևորում ենք նման միջազգային տեխնոլոգիական համաժողովների և միջոցառումների անցկացումը Հայաստանում, որովհետև թե՛ բովանդակային, թե՛ հնարավորություններ ներգրավելու առումով նմանատիպ միջազգային միջոցառումները ևս մեկ անգամ գալիս են արձանագրելու Հայաստանի դերը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասաց ՀՀ ԲՏԱ նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ նախարարությունը աշխատում է նոր օրենսդրական փաթեթի վրա, ինչը նշանակում է, որ հոկտեմբերին, թեպետ վերջնականացված ռազմավարությունը պատրաստ չի լինի, սակայն այդ պահին կիմանան բոլոր տեխնոլոգիական ռազմավարական ուղղությունները, որոնցով Հայաստանը ապագայում առաջ է գնալու: Նրա համոզմամբ՝ միջոցառումը շատ լավ առիթ է՝ հանրահռչակելու կարևորագույն ռազմավարական ուղղությունները, որոնք նախանշվել են, ինչպես նաև այն օրենքի փաթեթը, որը գալիս է նոր հնարավորություններ առաջարկելու միջազգային օտարերկրյա ներդրումների համար․ միջոցառումը կարևոր է նաև միջազգային ընկերությունների ներգրավման առումով:

«WCIT-ը լավագույն հնարավորությունն է մեր միջազգային գործընկերների հետ երկխոսություն իրականացնելու առումով։ Այս միջոցառումը լավ առիթ է՝ ներկայացնելու, թե ինչ է Հայաստանի կառավարությունն ու ամբողջ հանրույթը ներկայացնում ամբողջ աշխարհին»,- եզրափակեց Հայրապետյանը:

ԱՏՁՄ նախագահն էլ շեշտեց՝ 2019 թվականը հիշելով՝ 2024 թվականին պետք է լծվեն ակտիվ աշխատանքի:

«2019 թվականի հաջողության հիմնաքարերից մեկը մեր միության անդամների, կառավարության և այլ ընկերությունների աշխատանքի համադրումն էր: Այս տարի ևս պետք է նույնը կրկնենք: Այս տարի WCIT-ին զուգահեռ անցկացվելու է DigiTec ամենամյա միջոցառումը: Բոլոր հյուրերը հնարավորություն կունենան WCIT -ին զուգահեռ ծանոթանալ հայկական ընկերությունների արտադրանքին: WCIT-ը պետք է որպես մարքեթինգային գործիք օգտագործել՝ աշխարհին ներկայանալու և մեզ աշխարհում դիրքավորելու համար»,- ասաց Եսայանը:

Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահող Շան Սիան, որը միացել էր տեսակապով ընդգծեց՝ վերջին տարիներին Հայաստանը կարողացել է դիրքավորվել որպես կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տեխնոլոգիական զարգացող երկրներից մեկը:

«Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը բավականին երիտասարդ է, բայց սրընթաց արագությամբ է զարգանում: Մենք մեծ ոգևորությամբ ենք հայտնում, որ կհյուրընկալենք նաև ստարտափ ընկերությունների համար համաշխարհային գավաթը: Ավելի քան 60 երկրներից 32 թիմեր կապահովեն, որ այս իրադարձությունը դառնա ավելի կարևոր, քան երբևէ․ միջոցառումը իր շուրջը կհամախմբի կարևոր քննարկումներ, նորարարություններ, կտա հնարավորություն ականատես դառնալ տեխնոլոգիական ապագային»,- նշեց Շան Սիան:

WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց, որ համաժողովը ներկայացնելու է ընդգրկուն օրակարգ, մասնակիցների աշխարհագրությունը լայն է․ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռվի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների:

Նշվեց, որ համաժողովի շնորհիվ մի շարք ընկերություններ կծանոթանան հնարավորություններին և ներուժին, որոնք առկա են ոլորտի առաջատար ընկերությունների գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այն նպատակ ունի նաև նորարարությունների, ՏՀՏ լուծումների միջոցով ընդգծել կիրառական գիտությունների առանցքային դերը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում և ներկայացնել տեխնոլոգիաների ապագան և հետագա զարգացումները՝ հատկապես արհեստական բանականության ուղղությամբ: .

Ասուլիսի ընթացքում նշեց, որ Հայաստանը հպարտ է հյուրընկալել այս առաջատար համաժողովը՝ լինելով մի շարք հաջողված տեխնոլոգիական ստարտափների հայրենիք, ինչպիսիք են՝ PicsArt-ը, Renderforest-ը, Krisp-ը։

ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ճկուն համակարգը և միջազգային ֆինանսավորման բազմաթիվ հնարավորությունները գրավում են ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են՝ Synopsis-ը, Siemens-ը, Nvidia-ն, Adobe-ը և այլն։

WCIT 2024/DigiTec-ի օրակարգում բացման պաշտոնական արարողությունն է՝ տեխնոլոգիական աննախադեպ լուծումներով, ոլորտի միջազգային և տեղական առաջնորդների ելույթներով, շնորհանդեսներով ու գործընկերության նոր կապեր հաստատելու լայն հնարավորություններով:

2024 թվականին հանդես գալով գլխավոր գործընկերոջ՝ ԴիջիԹեք խոշորագույն տեխնոլոգիական էքսպո միջոցառման հետ, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) լայն հնարավորություններ կընձեռի ինչպես միջազգային հանրությանը ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում առկա ներուժին, այնպես էլ լոկալ կազմակերպություններին ներկայացնելու իրենց ձեռքբերումները ոլորտում։

Համաժողովն արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցության և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցառումներ է նախատեսում անցկացնել։

Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ կքննարկեն Էթիկական նորարարությունը, արհեստական բանականության (ԱԲ) մարդ-տեխնոլոգիա համագործակցությունը և համաշխարհային ազդեցություն ունեցող կանոնակարգերը՝ «Էթիկա, հասարակություն և կառավարում» թեմայով քննարկմանը:

«Կանաչ Արհեստական բանականության (ԱԲ)» թեմայով քննարկման ընթացքում կուսումնասիրվեն կայուն զարգացման համար բնագիտական գիտակցված լուծումները, իսկ «Արհեստական բանականությունը սոցիալական մեդիայում և մարքեթինգում» թեմայով քննարկումները կանդրադառնան մարգինալացված սպառողներին հասնելուն և շուկայավարման արդյունավետության բարձրացմանը:

Մեկ այլ թեմայով հանդիպման ընթացքում՝ «ԱԲ-ի կանացի հմայքը», կխոսվի գենդերային հավասարության և թվային ոլորտում կանանց տնտեսական հզորացման մասին:

Տասնյակ պանելային քննարկումները կանդրադառնան ճգնաժամերի արձագանքման գործում ԱԲ-ի դերին, թվային նորարարություններին, ինչպես նաև ԱԲ-ի՝ ապագան կերտող մարտահրավերներին ու հաջողված օրինակներին։

Առանձին հարթակ կտրամադրվի արհեստական բանականության (ԱԲ) կառավարմանն ու կիրառությանը տարբեր մասնավոր և պետական հարթակներում։

Ինչպես 2019-ին, այնպես էլ այս տարի կառավարությունը կվճարի համաժողովին մասնակցելու համար ԱՏՁՄ-ի վճարը (750 հազար դոլար): Բացի այդ, տեղական ընկերություններին կառաջարկվեն զգալիորեն ավելի ցածր վճարներ ֆորումին մասնակցելու համար:

Ֆորումի լոգոյի նախատիպը հայկական «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հին շապիկներից մեկի նորացված տարբերակն է:

Հայերեն العربية English Español Français

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը