Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և Եվրոպայի խորհուրդն իր հերթին կարևոր նպաստ է բերում այս ուղղությամբ առաջընթացի ապահովմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը

«Նախարար Միրզոյանը հավելել է, որ ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված ջանքերը փոխկապակցված են. ինքնիշխան, ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին՝ նախարար Միրզոյանը վկայակոչել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված դիրքորոշումը, որով վերահաստատվում է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման ամուր քաղաքական կամք և դրա լիարժեք փոխադարձման պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Այս համատեքստում հիշատակվել են նաև ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը և ընդգծվել է դրանց կյանքի կոչման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում