ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կառավարելի կդառնան էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Հարթակն արդեն գործարկվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները:
Սարգիս Մանուկյանը նշեց, որ GIS աշխարհագրական տեղեկատվական հարթակն արդեն ներդրված և գործարկված է։ Այն նախատեսվում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մշակվող և գեներացվող, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող տարածական տվյալների համախմբում՝ մեկ միասնական միջավայրում։
«Սա հնարավորություն է տալիս համադրելով այդ տարածական տվյալները՝ իրականացնել վերլուծություններ և ստանալ նոր արժեք՝ տվյալային որոշումներ կայացնելու համար։ Արդեն որոշակի աղբյուրներից ստացված տվյալներով մշակվել են թեմատիկ GIS հարթակներ։ Օրինակ՝ կառուցապատման ոլորտի համար նախատեսված հարթակի շնորհիվ հնարավոր է նշված շինհրապարակում դիտարկել տվյալ հողակտորի այս պահին առկա կադաստրային սահմանները և մի շարք այլ տվյալներ»,-նշեց Սարգիս Մանուկյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ընդգծելով համակարգի կարևորությանը, նշեց՝ Երևանի քաղաքապետարանը և բոլոր վարչական շրջաններն այս հարթակի ներդրմամբ առաջիկայում իրենց աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխելու են։
«Համակարգի ամբողջական փաթեթը մենք արդեն գնել ենք, և այս փոփոխությունները փուլ առ փուլ մտնելու են մեր բոլոր վարչություններ։ Խոսքը գնում է էլեկտրոնային քարտեզի մասին, որի վրա մենք բոլորս պետք է սկսենք աշխատել։ Համակարգը կպարզեցնի այն աշխատանքը, որ տարբեր վարչություններ իրականացնում են։ Այն նաև էականորեն հասանելի և ավելի պարզ կդարձնի մեր բոլորիս կատարած աշխատանքը և երևանցիներին մատոցվող ծառայությունները»,-ասաց քաղաքապետը:
Տիգրան Ավինյանը հանձնարարեց՝ համակարգը պետք է բաց լինի քաղաքացիների համար՝ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար։