Քաղաքականություն

ՔՊ-ի թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ․ Փաշինյանն արձագանքել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ի թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ․ Փաշինյանն արձագանքել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում՝ արձագանքելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպե՞ս կարող են միանալ իրենց շարժմանը։

«Ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ։ Դա, գոնե, ապացուցվել է արդեն փաստերով՝ 2020-2021 թվականների իրադարձություններով»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ որևէ մեկը ոչ մեկին «կապած» չի պահում, հետևաբար դավադրապաշտություններ կիրառելու կարիք չկա։

Նախօրեին Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էր արձագանքել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։

«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- ի պատասխան«Արմենպրես»-ի հարցի՝ նշել էին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում