Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

24 րոպեի ընթերցում

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման համար: Լիտվան տեսնում է խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը և գնահատում այդ ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լիտվա հարաբերություններին, երկու երկրների միջև կապերի զարգացման հեռանկարներին, Հարավային Կովկասում առկա իրավիճակի նկատմամբ Լիտվայի ունեցած տեսակետներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցմանը, դրանում Լիտվայի հնարավոր դերակատարությանն ու այլ հարցերի։

-Պարոն դեսպան, Հայաստանն ու Լիտվան միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը, և ո՞ր կարևոր կետերը կնշեք։

-Քաղաքական երկխոսությունը շատ ինտենսիվ է և գնալով ակտիվանում է 2018 թվականի Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո: Հիմնական մարտահրավերը տեմպերի պահպանումն է և հստակ բովանդակություն ապահովելը. յուրաքանչյուր քաղաքական գործընթաց պետք է կենտրոնացած լինի մի արդյունքի վրա, որը պետք է լինի հստակ և շոշափելի։ Լիտվան և Հայաստանը կիսում են ընդհանուր պատմական կապեր և փորձառություններ։ Ինքը՝ Լիտվան, անցնելով վերափոխման դժվարին ճանապարհ, հաջող բարեփոխումների օրինակ է: Մեր հաջողություններն ու քաղած դասերը մոտ են Հայաստանի համատեքստին, մենք շատ լավ հասկանում ենք միմյանց, ուստի Հայաստանին օգտակար փորձի փոխանցումն ու ներդրումը կա և առաջիկայում կմնա գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանը, Եվրոպական միության՝ որպես բարեփոխումների ծրագրի իրականացման և քաղաքացիական հասարակության ներգրավման հիմնական գործընկերոջ աջակցությամբ, ունի բոլոր հնարավորությունները Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումների առաջատարը դառնալու համար: Իհարկե, բարեփոխումների տեմպերի պահպանման կամ նույնիսկ ուժեղացման պայմաններում մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես է Հայաստանը վստահորեն բարձրանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թափանցիկության միջազգային տարբեր վարկանիշներով: Լիտվան պատրաստ է համագործակցել բոլոր մակարդակներում՝ ամրապնդելու Հայաստանի դիմադրողականության պատմական բեկման այս շատ բարդ փուլում։ Առանցքային բառը դիվերսիֆիկացիան է, և այս ոլորտում, իմանալով Լիտվայի դժվարին, բայց իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու շատ արգասաբեր ուղին, էներգետիկան և այլ ոլորտները, միասին կարող ենք ավելին անել Հայաստանի ճկունության և ինքնիշխանության ամրապնդման համար:

GEV_3707.JPG (524 KB)

-Անցյալ տարի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն այցելեց Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։ Նա հայտարարեց, որ Լիտվան մտադիր է աջակցել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը։ Լինելով կազմակերպության փորձառու անդամ երկիր, որն այս տարի նշում է իր անդամության 20-ամյակը՝ ինչպե՞ս կարող է Լիտվան նպաստել Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացմանը։

-Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում ԵՄ-ն ավելի շատ են տեսնում և քննարկում։ ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը Հայաստանում նշանակում է մեծ աջակցություն կայուն ժողովրդավարությանը, կենսունակությանը, անվտանգությանն ու ինքնիշխանությանը և ամենակարևորը՝ խաղաղությանը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Դրա համար մենք կոչ ենք անում ակտիվորեն օգտագործել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր գործիքները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը շուտով կլրացվի ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ծրագրով և Հայաստանում ԵՄ առաքելությամբ։ Ակնկալում ենք նաև, որ Հայաստանն աջակցություն կստանա խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով և կսկսի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Լիտվան ԵՄ-ի հետ Հայաստանի հնարավորինս մերձեցման ամենաակտիվ աջակիցներից ու էնտուզիաստներից մեկն է, մենք հաստատապես հավատում ենք, որ Հայաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին և Հայաստանի ապագան կապված է Եվրոպական միության հետ: Մեր փորձը մեզ հուշում է, որ միշտ պետք է ունենալ մի փոքր ավելի մեծ հավակնություններ, քան երբեմն թույլ են տալիս հնարավորությունները․ մեր ճանապարհը դեպի Եվրոպա նույնպես ամենահեշտը չէր, բայց մենք միշտ դրա նշանակությունը տեսել ենք և հետևողականորեն հետևել ենք այդ ուղուն: Կարծում եմ, որ Եվրոպական ինտեգրման գաղափարը պետք է դառնա կենտրոնական և գերիշխող ինչպես Հայաստանի քաղաքական օրակարգում, այնպես էլ հասարակական կյանքում: Մենք միշտ խրախուսում ենք Հայաստանին երազելու, պլանավորելու և աշխատելու հարցում ավելի հավակնոտ լինել, և, իհարկե, առավելագույն նպատակը ԵՄ-ին հնարավորինս շուտ անդամակցելն է: Ամբիցիաները քաղաքական հռչակագիր չեն, այլ ավելի շուտ մշտական համբերատար և սպառիչ աշխատանք են ու ամբողջ պետության ու հասարակության ջանքերը: Ոմանք դա անվանում են տնային աշխատանք, և հենց այս տնային աշխատանքն է, որում Լիտվան իր ներդրումն է ունենում, օրինակ, աջակցելով Հայաստանի ներքին գործերի համակարգի բարեփոխումներին, առաջարկելով լավագույն փորձը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, ինչպես նաև այլ կարևոր բնագավառներում:

-Ամիսներ առաջ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։ Այդ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է արել նաև դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է իրատեսական Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելը, և ինչպե՞ս կգնահատեք բուն բանաձևի ընդունումը։

-Հայաստանը ժողովրդավարական պետություն է, իսկ ժողովրդավարությունը մեր մայրցամաքում ունի շատ կոնկրետ հասցե ՝ Եվրոպական միություն։ Ես կարծում եմ, որ դեռ պատմական հնարավորություն կա նստել նույն եվրոպական գնացքն, այսպես կոչված, ԵՄ-ի հետ ասոցացված եռյակի՝ Ուկրաինայի, Մոլդովայի և, հուսով եմ՝ նաև Վրաստանի հետ։ Ես հիշում եմ Մերձբալթյան երեք պետությունների ինտեգրման գործընթացը ավելի քան 20 տարի առաջ։ Բալթյան երկրները նույնպես զարգացել են տարբեր տեմպերով, բայց մենք միավորվել ենք։ Ես հասկանում եմ, որ այսօր դա կարող է հանդուգն հնչել, բայց ես շատ լավ հիշում եմ լիտվական փորձը. Եվրոպայի գաղափարը անդամակցության ժամանակ համաճարակի նման պատեց Լիտվան, մենք բոլորս վարակվեցինք Եվրոպայի գաղափարով և այդպիսով իմունիտետ ձեռք բերեցինք տոտալիտարիզմի և սովետիզմի (ինչպես նաև, ի դեպ, օլիգարխացման) նկատմամբ։ Լիտվայի քայլը դեպի ԵՄ-ի անդամակցություն հիմնված էր նրա վրա, որ մենք հասկացել էինք, որ ԵՄ-ն այն տեղն է, որին մենք պատկանում ենք, քանի որ այս կազմակերպությունը ներկայացնում է ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն արժեքները, որոնք մենք կիսում ենք։ Եկեք չթաքցնենք նաև այն, որ մենք ցանկացել ենք հասնել այդ նույն նորմերին, չափանիշներին և բարեկեցությանը։ Եվ ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման ողջ գործընթացը համապատասխան բարեփոխումներով ժամանակակից, արդյունավետ, կենսունակ պետության կառուցման, կառավարման նոր մեթոդների ներդրման, հանրային ծառայությունների որակի բարձրացման մասին էր: Հետահայաց կարող եմ վստահորեն ասել, որ այս գործընթացը լավագույնն էր, որ տեղի ունեցավ Լիտվայի հետ 20-րդ դարում: Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ ԵՄ-ի ամենամեծ աջակիցներն ու էնտուզիաստները։ Մենք հաջողության ենք հասել, և ես հավատում եմ, որ Հայաստանը նույնպես պետք է հաջողության հասնի։ Անդամակցության ձգտումն ինքնին արժեքավոր է: Այսպիսով, մենք ժամանակ չենք կորցրել, հեծանիվ չենք հորինել, այլ ընդունել ենք եվրոպական լավագույն փորձը։

GEV_3744.JPG (440 KB)

-Պարոն Պուլոկաս, 2020 թվականից սկսած՝ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող գործողություններ ձեռնարկել Հարավային Կովկասում։ Քաջ հայտնի է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց։ Ինչպե՞ս են այդ քայլերն ազդում տարածաշրջանում խաղաղության օրակարգի վրա։

Մեծ ողբերգություն էր, երբ Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ լքեցին իրենց տները, և այդ տեղահանությունը տեղի էր ունենում Լաչինի միջանցքի երկարատև արգելափակման ֆոնին: Մենք հասկանում ենք այն մարդկանց հուսահատությունը, որոնց կյանքը կոտրվել է, նրանք լքվել են նրանց կողմից, ում ժամանակին համարել են իրենց անվտանգության երաշխավորը: Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը բացառիկ համերաշխություն ցուցաբերեցին՝ ապաստան ապահովելու և բոլոր խնդիրները լուծելու գործում: Բազմաթիվ այլ երկրների հետ միասին Լիտվան մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա անվտանգ վերադառնալ իրենց տներ։ Հարավային Կովկասում խաղաղությունը կարող է տիրել միայն բարեխիղճ բանակցությունների միջոցով, մինչդեռ պարտադրանքը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել, իսկ մարդկանց ճակատագրերի հետ խաղալը, դրանք որպես գործիք օգտագործելը պարզապես արդարացի չէ: Սա վերաբերում է նաև բոլոր ձերբակալվածների վերադարձին, ինչը շատ կարևոր քայլ է վստահության վերականգնման ուղղությամբ։

-Սկսած 2021 թվականից՝ Ադրբեջանը մի քանի անգամ հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները և նույնիսկ հիմա Ադրբեջանը հրաժարվում է իր զորքերը դուրս բերել այդ տարածքներից։ Ի՞նչ քայլեր կարող է և պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրոպական միությունը, որպեսզի ստիպի Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը:

-Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման համար: Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը և գնահատում ենք այդ ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերը: Կասկած չկա, որ խաղաղ գործընթացը պետք է ավարտվի կայուն, համապարփակ, տևական խաղաղության հաստատմամբ և այն հարգելու՝ երկու կողմերի պարտավորությամբ, ի վերջո, միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտով․ այն նույն սահմանների, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ փլուզման պահին, ինչպես նաև սահմանների երկայնքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ։

Լիտվան հետևողականորեն աջակցում է խաղաղ բանակցություններում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է ողջ ժողովրդավարական հանրության շահերից։ Փոքր երկրների համար շահավետ ոչինչ չկա, երբ տարածաշրջանային խոշոր տերությունները փորձում են պահպանել իրենց մենաշնորհը։ Ահա թե ինչու հակամարտության լուծումը պետք է նորից միջազգայնացվի. որքան շատ է Եվրոպան ներգրավված, այնքան մեծ է հարգանքը կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ:

Լիտվան ոչ միայն հաստատակամորեն հայտարարում է խաղաղ գործընթացին իր քաղաքական աջակցության մասին, այլև պատրաստ է կիսվել սահմանազատման և սահմանագծման իր դեռևս թարմ փորձով, քանի որ մենք առաջին երկրներից մեկն էինք, որը լիովին սահմանագծեց և սահմանազատեց իր բոլոր ցամաքային սահմանները Խորհրդային միության փլուզումից հետո: Կրկին, մենք ունենք յուրատեսակ փորձ, քանի որ անցել ենք երկար և բարդ բանակցային գործընթաց։ Մեր հարևանությունում էլ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, բայց մեզ հաջողվել է այդ գործընթացներն ավարտել միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, և այդ փորձառությունը կարող է օգտագործվել նաև Հարավային Կովկասում։

Կարևոր է, որ միջազգային հանրությունն արտահայտի իր հստակ դիրքորոշումը և դատապարտի այն երկրների գործողությունները, որոնք չեն պահպանում միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները: Մեզ համար Լիտվայում արժեքներն ընկած են արտաքին քաղաքականության հիմքում, և մեր վարքագիծը համապատասխանում է դրան։ Մենք պայքարում ենք հանուն այն երկրների, որոնք պայքարում են իրենց ազատության, անվտանգության և ժողովրդավարության համար։ Մենք նաև հասկանում ենք, որ Հարավային Կովկասի ճակատագիրը մեծապես կախված է իր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար Ուկրաինայի հերոսական պայքարի արդյունքից։ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն ամեն օր սպանում, ոչնչացնում և խախտում է միջազգային իրավունքի ցանկացած սկզբունք։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր քաղաքական և անվտանգության գործընկերությունները, ինչպես նաև մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային և բարձրացնում քաղաքական երկխոսության մակարդակը: Հայաստանն ինքը շատ լավ գիտի անկախության և ժողովրդավարության գինը։

GEV_3770.JPG (456 KB)

-Պարոն դեսպան, վերջին տարիներին շատ է խոսվել Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքը››՝ սպառնալով ուժով ստանալ այն։ Ինչպե՞ս է Լիտվան գնահատում Ադրբեջանի նման ագրեսիվ և չպատճառաբանված վարքագիծը։

-Աշխարհագրորեն Լիտվան Հայաստանի հետ նմանություններ ունի. Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզը, ինչպես և Ադրբեջանի Նախիջևանի մարզը, էքսկլավ է, որի համար կարևոր է հաղորդակցությունը երկրի հիմնական տարածքի հետ: Կրկին, ԵՄ-ին անդամակցությունը վճռորոշ դեր խաղաց նաև այս ոլորտում։ ԵՄ-ն, Լիտվան և Ռուսաստանը համաձայնեցրել են այսպես կոչված Կալինինգրադի տարանցման սխեման, և այժմ, նույնիսկ Ուկրաինայում ռուսական պատերազմի պայմաններում, մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի շրջանի բնակիչներն անցնում են Լիտվայի տարածքով: Մեզ հաջողվել է համաձայնեցնել երկու հիմնական բան, այն է՝ Լիտվայի լիակատար վերահսկողությունը նրա տարածքում և ճանապարհորդների համար առավելագույն հարմարավետությունը տարանցման ժամանակ՝ առանց ավելորդ խոչընդոտների։ Մենք բազմիցս կիսվել ենք մեր փորձով ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ Կարծում եմ, որ այս այսպես կոչված պարզեցված տարանցիկ մոդելի որոշ տարրեր կարող են օգտակար լինել Հայաստանում մարդկանց տեղաշարժը կարգավորելու համար։ Ի վերջո, սա եվրոպական փորձն է և հաջողության մոդելը: Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, մենք հասկանում ենք դրա կարևորությունը և ‹‹տարանցիկ›› տերմինն ավելի կնախընտրեինք, քան ‹‹միջանցք››-ը: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում։

-Ի պատասխան ադրբեջանական կողմի այս հայտարարությունների՝ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախագիծը: Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ և ինչպե՞ս է Լիտվան տեսնում խաղաղությունը Հարավային Կովկասում:

-Այս գաղափարն իսկապես տրամաբանական է և հասկանալի, այն փորձ է վերականգնել հարևան երկրների միջև ֆունկցիոնալ համագործակցությունն՝ օգտագործելով առկա և ապագա տրանսպորտային ենթակառուցվածքները: Տարածաշրջանային տրանսպորտային զարկերակները և գլոբալ տրանսպորտային կապերը պետք է գործեն Հայաստանում ևս։ Նրանք պետք է աշխատեն բոլոր ուղղություններով և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Գուցե, նույնիսկ իմաստ ունի ընդլայնել նախագիծը՝ ներառելով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն: Ի վերջո, դա ձեռնտու կլիներ բոլորին։ Դա կխթաներ ամբողջ տարածաշրջանի տնտեսական աճը, ինչպես նաև առևտուրն ու միջսահմանային համագործակցությունը: Սակայն նման նախագծի իրականացումը կպահանջի տարածաշրջանային բոլոր գործընկերների ներգրավումը։ Հուսով եմ, որ ԵՄ-ն կկարողանա որոշակի խթան առաջարկել, որպեսզի նրանք (խմբ․ տարածաշրջանային բոլոր գործընկերները) նույնպես ընդունեն բաց հաղորդակցության գաղափարը։

Տնտեսական կապերի և փոխադարձ առևտրի զարգացումը սովորաբար հանգեցնում է էլ ավելի խորը համագործակցության և փոխվստահության աճի, ինչը խաղաղության հիմքն է: Հարավային Կովկասն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ամենաարագ զարգացող և բարգավաճող տարածաշրջաններից մեկը։ ԵՄ-ն կարող է նաև իր ներդրումն ունենալ տարածաշրջանում կոմունիկացիոն կապերի վերականգնման և ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնության իրականացման գործում:

-Անդրադառնանք տնտեսական համագործակցությանը Հայաստանի և Լիտվայի միջև. որքա՞ն է եղել երկու երկրների միջև առևտրի ծավալը 2023 թվականին, ի՞նչ միտումներ են նկատվում երկկողմ արտահանման և ներմուծման շուկաներում:

-Լիտվայի և Հայաստանի միջև առևտրի վերաբերյալ առկա տվյալները շատ տարբեր են։ Մենք պատկանում ենք երկու տարբեր առևտրային բլոկների՝ ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը, հետևաբար, վերաարտահանումը տարբեր կերպ է արտացոլվում մեր վիճակագրության մեջ։ Լիտվական տվյալներով՝ անցած տարվա 9 ամիսների ընթացքում երկկողմ առևտրի ծավալը կազմել է ավելի քան 100 մլն եվրո, մինչդեռ դրանից միայն մի փոքր մասն են կազմել լիտվական ծագման ապրանքները: Առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում ակտիվ քաղաքական երկխոսության մակարդակին, ուստի մենք շատ անելիքներ ունենք փոխշահավետ տնտեսական կապերն ընդլայնելու և ինտենսիվ քաղաքական երկխոսությունը կայուն տնտեսական հարաբերությունների վերափոխելու համար: Միևնույն ժամանակ, իհարկե, շատ կարևոր է, որ առևտրային հարաբերությունները չօգտագործվեն պատժամիջոցները շրջանցելու համար։

GEV_3721.JPG (511 KB)

-Պարոն Պուլոկաս, ո՞ր ոլորտներն են առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում Հայաստանի և Լիտվայի հարաբերություններում, և ի՞նչ պետք է անեն երկու երկրները տնտեսական կապերի զարգացման համար:

-Լավ հեռանկարներ ունեն ինչպես ավանդական առևտրի ոլորտները, ինչպիսիք են սննդամթերքը, խմիչքը կամ զբոսաշրջային ծառայությունները, այնպես էլ բարձր տեխնոլոգիականը, որն աճի տպավորիչ տեմպեր է ցույց տալիս: Ինչ վերաբերում է առևտրային փոխանակումներին, ապա հիմնական խնդիրը մնում է թանկարժեք և բարդ լոգիստիկան։ Վիլնյուսի և Երևանի միջև ուղիղ չվերթն իսկապես օգտակար կլինի մեր ամենօրյա համագործակցության համար։

-Պարոն դեսպան, առաջիկայում Լիտվայից Հայաստան բարձրաստիճան այցեր նախատեսվու՞մ են:

-Նախորդ տարի տեղի ունեցավ պատմական այց. Լիտվայի Հանրապետության վարչապետ տիկին Ինգրիդա Շիմոնիտեն առաջին անգամ այցելեց Հայաստան: Հայաստանի վարչապետը ևս մի քանի տարի առաջ այցելեց Լիտվա, երկրների նախագահները ևս վերջին մի քանի տարիների ընթացքում փոխայցելություններ են կատարել, տարբեր հաստատությունների փոխայցելությունները շարունակվում են կանոնավոր կերպով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահն (խմբ․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան) այցելել էր Լիտվա։ Այս տարվա գարնանը տեղի ունեցան մի քանի նախարարական այցելություններ Վիլնյուս և Երևան:

-Շնորհակալություն հարցազրույցի հնարավորություն ընձեռելու համար: Կցանկանայի՞ք ինչ-որ բան հավելել:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանը Լիտվայում շատ ընկերներ ունի, և վերջին տարիներին այդ շրջանակն արագորեն ընդլայնվում է։ Պատմականորեն մեր ժողովուրդները միշտ չափազանց մոտ են եղել՝ սկսած միջին դարերից և մեր անկախության շարժումների միջև սերտ համակարգումից: Մենք հասկանում և համակրում ենք միմյանց փորձառությունները: Լիտվացիները մեծ համակրանքով են վերաբերվում Հայաստանի՝ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և Արևմուտքի հետ մերձենալու ջանքերին։ Դա ոչ միայն զգացողություն է, այլև ակտիվ աջակցությամբ դրան նպաստելու հստակ պատրաստակամություն: Ցանկացած դեսպանի համար նման միջավայրը շատ բարենպաստ է, ուստի մենք պետք է առավելագույնս օգտագործենք այդ հնարավորությունը։ Հայաստանում գտնվելու իմ մեկնարկից հետո ես մշտապես հանդիպում եմ բաց և անկեղծ մարդկանց, ովքեր լի են բարյացկամությամբ, նոր գաղափարներով և ընդհանուր արժեքներին հետևելու ձգտումով: Ես շատ շնորհակալ եմ իմ երկրի հանդեպ հայերի վերաբերմունքի և ջերմ զգացմունքների համար։ Իր հերթին Լիտվան կշարունակի աջակցել Հայաստանին՝ կենսունակության բարձրացման, ժողովրդավարության պաշտպանության և ԵՄ-ի հետ ավելի սերտ երկխոսության հաստատման գործում: Մենք հիանում ենք հայ ժողովրդի հաստատակամությամբ՝ վճռականորեն պաշտպանելու իր ժողովրդավարական ընտրությունը՝ չնայած բոլոր մարտահրավերներին․ սա միայն ապացուցում է, որ մեր երկրները շարժվում են մեկ ուղղությամբ, և ընդհանուր ժողովրդավարական արժեքներն այդ հարաբերությունների կարևորագույն հիմքն են։

Հարցազրույցը՝ Դավիթ Մամյանի

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Քաղաքականություն

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

Սպորտ

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արամ Խաչատրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքով

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արամ Խաչատրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքով

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երևան

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հայտարարություններ

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

Իրավունք

Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

Քաղաքականություն

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում