Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում այլ սկզբունք արձանագրելու դեպքում հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան․ վարչապետ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետագայում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ այլ սկզբունք արձանագրվի՝ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով հարցազրուցավարի դիտարկումը, թե հռչակագրում կա կետ, որ հնարավոր է խաղաղության պայմանագրում այլ սկզբունք որդեգրելու պարագայում Ալմա-Աթայի սկզբունքը զիջվի կամ չեղարկվի:
«Այդպիսի բան գրված չէ: Գրված է, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ այլ սկզբունք կարձանագրվի՝ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան: Եվ դա ունի հետևյալ տրամաբանությունը, Դուք գիտեք, որ սա սահմանազատման հանձնաժողով է և սահմանազատման հանձնաժողովները խաղաղության պայմանագրի շուրջ մանդատ չունեն, իսկ խաղաղության պայմանագիրն իր իրավական նշանակությամբ ավելի բարձր է: Եվ այնտեղ ուրիշ փաստաթուղթ է բանակցվում, որն իր իրավական նշանակությամբ ավելի բարձր է, եթե այս թղթի և այն թղթի միջև լինեն հակասություններ, ոչ թե այն թուղթը պետք է համապատասխանեցվի այս թղթին, այլ այս թուղթը պետք է համապատասխանեցվի այն թղթին»- մանրամասնեց վարչապետը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խաղաղության պայմանագրում բանակցող կողմը նույնպես Հայաստանի Հանրապետությունն է և բանակցող կողմը հանդիպումներում և փաստաթղթերով արդեն իսկ բարձրագույն մակարդակով պայմանավորվել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա են կողմերը ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
«Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի քաղաքական բազա սահմանազատման գործընթացի համար։ Սա արձանագրվել է նաև սահմանազատման հանձնաժողովների ընդունած փաստաթղթում։ Հույս ունենք ու դա կարևոր է և առանց դրա դժվար է պատկերացնել, որ այդ նույնը կարտահայտվի խաղաղության պայմանագրում»,- նկատեց Փաշինյանը։