Քաղաքականություն

Փաշինյանն արտառոց չի համարում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցումը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանն արտառոց չի համարում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի են սերտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այս գործընթացում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունը վաղուց է որգեդրել ԵՄ հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականությունը։

«Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հետագա մերձեցմանը, ես Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

Հիմա մենք, կարծես թե գնում ենք այդ ճանապարհով, ընդ որում, սա շատ կարևոր է արձանագրել՝ հրապարակային ճանապարհով, որովհետև մեզ և Եվրամիությանը, հատկապես ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, վերագրում են ինչ-որ «գաղտնի համաձայնություններ» և այլն: Շատ կարևոր է արձանագրել, որ մեզ համար թափանցիկությունը շատ կարևոր է, և մենք օրակարգերը թափանցիկ հրապարակել ենք, արդյունքներն էլ ենք թափանցիկ հրապարակել: Եվ այո, որոշակիորեն տեսնում ենք Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցում, բայց այդտեղ, իմ արձանագրմամբ, արտառոց ոչինչ տեղի չի ունենում, որովհետև դա մի կուրս է, որը Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ նոր չի որդեգրել»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ սխալ է կարծիքն այն մասին, թե Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը սկսվել է 2018 թվականից՝ հիշեցնելով, որ Հայաստանը դեռ թավշյա հեղափոխությունից առաջ Եվրամիության հետ ստորագրել էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր, որը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն իր ղեկավարած կառավարության վրա ընկավ:

«Իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու: Բայց ես նկատի ունեմ՝ եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից և հոսքերից դուրս գանք, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում: Եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, այլ դա մեզ համար ռազմավարություն է: Կա նաև մեկ ուրիշ հանգամանք, որն էական է, և այդ հանգամանքն արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումն է»,- նշեց Փաշինյանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում