Միջազգային

Կամավոր ատեստավորման քաղաքականությունը պահանջված ու կարևոր է. Զոլաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

3 րոպեի ընթերցում

Կամավոր ատեստավորման քաղաքականությունը պահանջված ու կարևոր է. Զոլաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նունե Օսեյանը կամավոր ատեստավորման քաղաքականությունը համարում է շատ պահանջված ու կարևոր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ վերոնշյալ դպրոցի տնօրինությունից, Նունե Օսեյանն արդեն 32 տարի մանկավարժությամբ է զբաղվում:

Նա կամավոր ատեստավորմանը մասնակցել է 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայից, ընդ որում՝ երկու անգամ՝ և՛ փորձնական փուլին, և հիմնական ատեստավորմանը։ Առաջին մասնակցությամբ ունեցել է 60, երկրորդ մասնակցությամբ՝ 70 տոկոսանոց արդյունք։

Նունե Օսեյանը վստահեցնում է, որ այս տարի ևս մասնակցելու է կամավոր ատեստավորմանը։ Որոշել է ուժերն այս անգամ փորձել «Քիմիա» առարկայից, հատկապես, որ արդեն հասցրել է այս առարկայի դասավանդման շրջանակում Գեղարքունիքի մարզում դառնալ ամսվա լավագույն ուսուցիչ՝ մասնակցելով ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնությանը։ Նա դասը վարել է 7-րդ դասարանում, որտեղ ներմուծվել է հանրակրթության նոր չափորոշիչը և առաջին տարին է քիմիա դասավանդվում։

«Իմ նպատակն էր՝ երեխաներին ընկալելի և սիրելի դարձնել քիմիայի հետաքրքրաշարժ աշխարհը։ Ներկայացրած դասի թեման էր «Մոլեկուլների և ատոմների մասին ուսմունքի ձևավորման գիտական տեքստը»։ Աշակերտները բնագիտությունից անցում էին կատարել նոր՝ մոլեկուլների և ատոմների թեմային. պետք էր հասկանալ՝ ինչ են հիշում, ինչպիսի բազա ունեն, որտեղից պետք է սկսեմ իմ քայլաշարը»,- ներկայացրել է ուսուցչուհին։

Նա կիրառել է Բոնոյի՝ մտածելու 6 գլխարկների մեթոդը՝ դասարանը բաժանելով 6 խմբի՝ յուրաքանչյուր խմբին տալով առանձին հանձնարարություն։

«Հիմա արդեն, երբ մտնում ենք լաբորատորիա, իրենք են առաջարկում թիմային որևէ աշխատանք, քանի որ արդեն գիտեն՝ իրար լեզու լավ են հասկանում»,- ոգևորված պատմել է ուսուցչուհին՝ ավելացնելով՝ յուրաքանչյուր անգամ լաբորատորիայից դուրս գալուց հետո աշակերտներն ասում են՝ «Ընկեր Օսեյան, մենք քիմիա շատ ենք սիրում»։

«Նունե Օսեյանը յուրաքանչյուր դաս վարում է ստեղծագործաբար, կիրառում ուսուցման համար անհրաժեշտ բազմաթիվ մեթոդներ, անում հնարավորը, որպեսզի ամեն մի աշակերտ իրեն զգա դասի թեմատիկայի մեջ, հիմնովին յուրացնի գիտելիքը։ Նա միշտ աշխատում է իր իմացած նյութը կատարելագործելու, աշակերտներին իր գիտելիքներն ամենաարդյունավետ ճանապարհով փոխանցելու միջոցների ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ մեր դպրոցում արդեն ունենք կամավոր ատեստավորված 7 ուսուցիչ, որոնց օրինակով առաջիկայում կձգտեն ատեստավորվել նաև մյուս ուսուցիչները»,-ներկայացրեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Մելիքյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում