Միջազգային

AUKUS-ը դիտարկում է Ճապոնիայից բացի երեք այլ երկրների ներգրավումը որպես գործընկերներ

2 րոպեի ընթերցում

AUKUS-ը դիտարկում է Ճապոնիայից բացի երեք այլ երկրների ներգրավումը որպես գործընկերներ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, որոնք մտնում են AUKUS ռազմական դաշինքի կազմի մեջ, դիտարկում են հեռանկարային նախագծերում Կանադայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի գործընկերային ներգրավման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Yonhap լրատվական գործակալությանը հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա։

Այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ AUKUS-ի մեջ մտնող երեք երկրների պաշտպանության նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով Ճապոնիան որպես գործընկեր դիտարկելու մասին։

«Դաշինքի անդամները դիտարկում են Ճապոնիայի հետ միասին այլ լրացուցիչ գործընկերների թեկնածություններ, որոնք կարող են կարևորագույն ներդրում ունենալ գործընկերության երկրորդ բաղադրիչի զարգացման գործում, որը ենթադրում է համագործակցություն բարձր տեխնոլոգիական ոլորտներում»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ՝ AUKUS-ին հնարավոր անդամակցության շուրջ: Բացի այդ, Կանբերան և Վելինգտոնը հայտարարել են դաշինքի գործընկերության երկրորդ՝ ոչ միջուկային բաղադրիչին Նոր Զելանդիայի մասնակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին։

AUKUS-ն անվտանգության բնագավառում գործընկերություն է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև, որն ստեղծվել է 2021 թվականի սեպտեմբերին՝ մի քանի համատեղ պաշտպանական նախաձեռնություններ իրականացնելու համար երկու ուղղություններով (բաղադրիչներ): Առաջինը ենթադրում է ատոմային հարվածային սուզանավերի նավատորմի տրամադրում Ավստրալիային: Երկրորդը կապված է ութ բնագավառներում ռազմական նշանակության միջոցների համատեղ մշակման հետ, որոնք ներառում են ստորջրյա համակարգեր, քվանտային տեխնոլոգիաներ, արհեստական ​​ինտելեկտ և ինքնավար համակարգեր, կիբեռանվտանգություն և ռադիոէլեկտրոնային պայքար, հիպերձայնային թռչող սարքեր և դրանց կալանման միջոցներ, ինչպես նաև նորարարություններ և տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում