Թատրոնը՝ հոգին բուժելու լավագույն վայր. «Արտավազդ»-ի մրցանակակիր Անուշ Զանգիզորյանն՝ իր տարերքի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Անուշ Զանգիզորյանը թատրոնը համարում է հոգին բուժելու լավագույն վայր, հարթակ, որը հնարավորություն է տալիս կերպարների միջոցով խոսել մարդկային այն զգացմունքների մասին, որոնք իրական կյանքում ստիպված ես թաքցնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զանգիզորյանը, որն օրերս արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակին, խոստովանում է՝ հաղթանակն իր համար շատ անսպասելի էր:

«Այդ անվանակարգում ներկայացված էր նաև Գյումրու թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանը: Համոզված էի, որ նրան է տրվելու մրցանակը: Երբ հնչեց իմ անունը, հասկացա, որ շատ հուզված եմ: Առաջին անգամ էի մասնակցում «Արտավազդ»-ին, առաջին անգամ էի մրցանակի արժանանում: Երջանիկ էի»,-նշում է նա և հավելում՝ երբ մրցանակը ձեռքին իջել է բեմից, գիտակցել է, որ այն նաև շատ պարտավորեցնող է, ուստի հարկավոր է ավելի շատ աշխատել, առաջ գնալ:

Անուշ Զանգիզորյանն «Արտավազդ» ստացել է Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451» ներկայացման համար, որում մարմնավորում է Քլարիս Մըքլելնին:

Շատ է ցանկանում մի օր կերտել Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի գլխավոր հերոսներից մեկի՝ Էլիսոնի կերպարը: «Առաջին անգամ կարդացի պիեսն ու հոգևոր կատարսիս ապրեցի: Պիեսներ ընթերցելիս հազվադեպ եմ շատ տպավորվում կամ ուժեղ զգացողություններ ունենում, բայց այս գործն ինձ շատ հոգեհարազատ է: Էլիսոնի կերպարը հետաքրքիր է: Ներկայացվում են մարդու այնպիսի զգացողություններ, զգացմունքներ, որոնք իրական կյանքում չենք կարողանում արտահայտել»,-նշում է Անուշը:

Նրա խոսքով՝ ինքը շատ բան է ասում բեմից: «Իմ պարագայում ասելիքս ոչ թե ինչ-որ մեկին, այլ աշխարհին է ուղղված: Երբեմն կարևոր չէ կընկալվի, թե ոչ, էականն այն, որ դու ռիսկի դիմես ու խոսես»,-հավաստիացնում է դերասանուհին:

Անուշ Զանգիզորյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոռեժիսոր է, բայց դերասանական դասընթացների է հաճախել:

Դեռ չի մտածում կինոռեժիսորի աշխատանքով զբաղվելու մասին, բայց չի բացառում, որ մի օր բեմադրություն կանի թատրոնում, որովհետև թատրոնն իր տարերքն է: «Երբ աշխատում ես թատրոնում, շատ լավ գիտես անցուդարձը, ներքին խոհանոցը, ավելի հեշտ կկողմնորոշվես: Կարծում եմ՝ հեշտ կլինի առաջին անգամ որպես ռեժիսոր ներկայանալ թատրոնում, հետո արդեն հնարավոր է նաև կինոարվեստում»,-ընդգծում է դերասանուհին:

Նա վստահ է՝ թատրոնում ոչ միայն կարողանում է բուժել հանդիսատեսին, այլև ինքն իրեն:

Անուշը Գավառի թատրոնում աշխատում է 2022 թվականից։ Խաղացել է Հովհ. Օհանյանի «Կարմիր Գլխարկի արկածները», «Ամանորի կախարդանքը», Ռ. Բրեդբերիի «Ֆարենհայթ 451», Վ. Կրասնոգորովի «Հիշիր, բժիշկ, հիշիր», Ա. Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը», Յ. Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումներում։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել